Պարզվել են Տաշիր քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
63-ամյա բնակչուհու դին հայտնաբերվել է 2014 թվականի հունվարի 27-ին, Տաշիր քաղաքում գտնվող իր բնակարանում՝ բռնության հետքերով։
«Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը նրան է այցելել Լոռու մարզի բնակիչ Ա. Խանաղյանը՝ պարտքով գումար խնդրելու։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ կինը մերժել է պարտքով գումար տրամադրել և վիրավորական որոշ խոսքեր ասել Ա. Խանաղյանի մերձավորների վերաբերյալ, որից հետո վերջինս, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, ութ անգամ անկանոն հարվածներ է հասցրել կնոջ գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում՝ պատճառելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունից հետո, հյուրասենյակի սեղանի վրայից հափշտակելով տան տիրուհուն պատկանող բջջային հեռախոսը, Խանաղյանը բանալիով փակել է մուտքի դուռը ու հեռացել՝ իր հետ վերցնելով հանցագործության գործիքը։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է 2015 թվականի փետրվարին և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարին Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, գողություն։ Հոդվածները նախատեսում են առավելագույնը 12 տարվա ազատազրկում։
Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հունիսի 18-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։