Այս օրերին UWW-ն՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, «Ադիդաս»-ի հետ համատեղ դիզայնավորում է ըմբշամարտի նոր համազգեստները: Այս առիթով միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը Գերմանիա «Ադիդաս»-ի մայր գործարան է հրավիրել նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին, նա գործընթացին մասնակցող 5 ըմբիշներից մեկը կլինի:
Ինչպես Ջուլֆալակյանը նշեց «Ազատության» հետ զրույցում, հավանաբար պատրաստվում են ստեղծել մարմինը գրկող կիսավարտիք և շապիկ, ինչը բացարձակապես նորություն կլինի: Նոր համազգեստի ստեղծմանը կմասնակցեն նաև պատվիրակներ միջազգային ֆեդերացիայի անդամ երկրներից, մրցավարներ և այլք: Այսօր արդեն աշխարհի չեմպիոնը մեկնել է Գերմանիա, ինչից հետո կգնա Ալուշտա՝ մարզական հավաքի, և Մադրիդում կմասնակցի մրցումների:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին ըմբշամարտի շուրջ բարձրացած աղմուկը այն օլիմպիական ծրագրից դուրս հանելու կապակցությամբ մի շարք դրական փոփոխություններ բերեց այս մարզաձև: Փոփոխվեցին կանոնները, ինչի շնորհիվ այն դարձավ շատ ավելի ակտիվ և դիտարժան, փոխվեցին բրենդային գույները, գորգերը, իսկ այսօր արդեն փոխվում են համազգեստները, ինչին մարզաշխարհում երկար էին սպասում:
Ա.Մ.