Մատչելիության հղումներ

Ամերիկահայ գրողի՝ Ցեղասպանության մասին վեպը թարգմանվել է մի քանի լեզուներով


Լուսանկարը՝ Քրիս Բոհջալյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Քրիս Բոհջալյանի ֆեյսբուքյան էջից

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը դարձել է բեսթսելեր Միացյալ Նահանգներում:

Հայկական ծագումով ամերիկացի գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, դարձել է բեսթսելեր Միացյալ Նահանգներում և թարգմանվել է տարբեր լեզուներով:

Հյուսիսային Ամերիկայում և Կանադայում հայտնի Բոհջալյանի վեպերի հիման վրա նկարահանվել են հոլիվուդյան ֆիլմեր:

Հարցին, թե ինչու որոշեց Ցեղասպանության մասին վեպ գրել, Բոհջալյանը պատասխանեց․ - «Ավազե ամրոցի աղջիկները» երկրորդ փորձն էր՝ գրելու Ցեղասպանության մասին: Առաջին անգամ այս թեմային ես անդրադարձել եմ 1999-ին, սակայն երբ սկսեցի կարդալ իմ վեպի սևագրությունը, հասկացա, որ սարսափելի գիրք եմ գրել, որը չի կարելի տպել: Նորից սկսեցի գրել Ցեղասպանության մասին միայն 2010-ին»:

Բոհջալյանը որոշել էր անպայման վեպ գրել, որովհետև պապը փրկվել էր ցեղասպանությունից, և թեման իրեն հետաքրքիր էր, սակայն հիմնական պատճառը, ըստ Բոհջալյանի, այն էր, որ Հյուսիսային Ամերիկայում շատերը չեն լսել հայերի ցեղասպանության մասին․ - «Շատերը նույնիսկ չեն կարող քարտեզի վրա գտնել Հայաստանը»:

«Գիտեի, որ սա պիտի լինի վեպ նախևառաջ սիրո մասին, ինչպես, օրինակ, «Անգլիացի պացիենտը» կամ «Դոկտոր Ժիվագոն», - ասաց գրողը:

Նա խոստովանում է, սակայն, որ երբ սկսում էր վեպը, չէր կարող պատկերացնել, որ այն դառնալու է բեսթսելեր, որ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Ամերիկայում հաջողակ գրող լինելը դյուրին գործ չէ: Քրիսը, սակայն ասում է, որ թեև համարվում է այդպիսին, չգիտի, թե որն է դրա գաղտնիքը:

Կատակում է, որ գրող լինելն էլ իր բիզնեսն է․ - «Երբ իմ ընկերոջը, որն արդեն կենդանի չէ, հարցրել են, թե ինչու է գրում, նա պատասխանել է՝ տանս վարկը մարելու համար»:

Բոհջալյանն ասում է, որ սիրում է գրել, սիրում է առավոտյան 6-ին արթնանալ և աշխատել մոտ 6 ժամ․ - «Գրելն ինձ համար մեծ հաճույք է: Գրելուց բացի ինձ երջանիկ են դարձնում իմ կինն ու դուստրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG