Թուրքիան խստորեն քննադատել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին, ով Օսմանյան Կայսրությունում անցած դարասկզբին հայերի կոտորածը անվանել է «ցեղասպանություն»։
Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետ Միշելը հինգշաբթի խորհրդարանում հայտարարել էր, որ 1915 թվականի զանգվածային սպանությունները պետք է ընդունել որպես ցեղասպանություն։
Ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում Բելգիայի վարչապետի խոսքերը որակվել են որպես «ոչ ընդունելի, ոչ էլ ներելի»։ Ըստ Թուրքիայի արտաքին գերատեսչության՝ Բելգիայի ղեկավարը «քաղաքականացրել» է խնդիրը, և Միշելի հայտարարությունը հակասում է պատմական փաստերին և անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ։
«Ակնհայտ է, որ այս վերաբերմունքը, որը մտահոգել է նաև Բելգիայի թուրքական համայնքին, բացասաբար կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունում ոչ մի խոսք չկա Բրյուսելից Թուրքիայի դեսպանին ետ կանչելու մասին, ինչպես արվել էր Ցեղասպանությունը ճանաչած Վատիկանի, Ավստրիայի, Բրազիլիայի և Լյուքսեմբուրգի պարագայում։