Անցած գիշերվա ընթացքում Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը 30 զանգ է ստացել վայրի գազանների գտնվելու մասին:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ դրանցից ոչ մեկը չի հաստատվել: Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրերից մեկին փնտրում են Գորիի մոտակայքում:
Ռեխա գյուղի բնակիչները արտակարգ իրավիճակների ծառայությանը հաղորդել են, որ գյուղի մոտ վագրի ոտնաթաթերի շատ հետքեր կան: Իսկ Ռուսթավի քաղաքում բնակելի շենքերից մեկի բակում աղվես են տեսել: Ահազանգերից հետո տեղ հասած ոստիկանները բռնել են աղվեսին: Ռուսթավիի քաղաքապետարանից կապվել են Թբիլիսիի կենդանաբանական այգու հետ, բայց այնտեղից ասել են, որ այդ աղվեսը իրենցը չէ: Թբիլիսիի կենդանաբանական այգում երեք աղվես է եղել, երեքն էլ տեղում են: