Մատչելիության հղումներ

Որդեկորույս մայրերի հերթական ակցիան ևս անցավ լարված մթնոլորտում


Որդեկորույս մայրերի հերթական ակցիան ևս անցավ լարված մթնոլորտում
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Ոստիկանները կրկին պատ կազմեցին ու բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին թույլ չտվեցին մոտենալ Նախագահի նստավայրին:

«Ուզում ենք ակցիա անենք, որովհետև մենք այդ իրավունքը ունենք: Մեր իրավունքները դուք չեք կարող սահմանափակել», - կանանց այս պնդմանը ոստիկաններից մեկը հակադարձեց․ - «Հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը հավաքը արգելում է անցկացնել նախագահական նստավայրի, կառավարական շենքերի մոտ»:

Բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը փորձում էր ոստիկաններին հանձնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի որոշումը իրենց բողոքի վերաբերյալ։ Օմբուդսմենի գնահատմամբ, անցած փետրվարին ոստիկանների գործողությունները նախագահական նստավայրի մոտ եղել են ոչ օրինաչափ, ինչի հետևանքով խախտվել են նստավայրի մոտ հավաքված որդեկորույս ծնողների իրավունքները։ Բանակում խաղաղ պայմաններում որդիներին կորցրած ծնողները ինչպես այսօր, այդ օրը ևս նախագահական էին եկել բանակի գերագույն գլխավոր հրամատարի հետ հանդիպում պահանջելու։

Ոստիկանների կողմից մերժում ստանալով՝ մայրերն այս անգամ ևս ահազանգեցին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբին՝ հայտնելով, որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրին։ Մի քանի րոպեից ժամանեց խմբի ներկայացուցիչը: Վկայակոչելով նույն «Հավաքների ազատության մասին» օրենքը՝ նա պնդեց, որ կանայք իրավունք ունեն ակցիա անցկացնելու նաև նախագահականի մուտքի մոտ, եթե չեն խոչընդոտում նստավայրի բնականոն գործունեությունը։

Ոստիկանները, սակայն, անդրդվելի էին: «Ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանում է, որ իրենք ողջամիտ հեռավորությունը որոշել են այսքան, որպեսզի չխոչընդոտվի բնականոն աշխատանքը: Ես ասել եմ, որ դուք իրավունք ունեք ակցիա անեք ավելի մոտիկ: Երբ որ խոչընդոտվի [նախագահականի գործունեությունը], այդ ժամանակ համապատասխան գործողությունները ոստիկանությունն ինքը գիտի: Առաջարկել ենք դա, սակայն ոստիկանության ներկայացուցիչը դեռ քննարկում է», - ցուցարարներին փոխանցեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը:

Ոստիկաններին չհամոզեցին նաև որդեկորույս մայրերի ակցիային միացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի ու ակտիվիստների փաստարկները։

Իրավիճակը լարվեց, երբ մայրերը թույլ չտվեցին, որ Պաշտպանության նախարարության ավտոմեքենան նախագահականի շենքի կողքից շարժվի դեպի Բաղրամյան պողոտա։

Մոտ մեկ ժամ ապարդյուն փորձելով ճեղքել ոստիկանական պատը՝ մայրերը ի նշան բողոքի մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան պողոտան։ Երթևեկությունը կանգ առավ, ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց հենց փողոցի մեջտեղում, նրա ակնոցը կոտրվեց, ձեռքի պաստառը պատռվեց:

Քիչ անց ոստիկաններին հաջողվեց ազատել փողոցի երթևեկելի մասը: Այդ ընթացքում ակտիվիստները կարողացան հասնել նախագահական նստավայրի մոտ։ Ոստիկանների գործողություններից նյարդայնացած մայրերից մեկի՝ Իրինա Ղազարյանի ինքնազգացողությունը վատացավ։ Շտապօգնության բրիգադը, սակայն, է՛լ ավելի զայրացրեց կնոջը։ Կինը հրաժարվեց բժշկի օգնությունից՝ դժգոհելով բուժաշխատողների վերաբերմունքից:

Տարիներ շարունակ բողոքի ցույցեր անցկացնող կանայք պնդում են, որ իրենց զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։ Նրանք դեռևս անցյալ տարվա նոյեմբերին դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով լսել իրենց կասկածներն ու օգնել բացահայտելու սպանությունների իրական հանգամանքները։ Ամիսներ շարունակ սևազգեստ մայրերը գալիս են նախագահականի մոտ՝ Սերժ Սարգսյանից որևէ պատասխան լսելու։

Հուսահատ կանայք այսօր նամակներ ուղարկեցին Ազգային ժողով՝ առաջարկելով իրենց զավակների մահվան գործերը ուսումնասիրելու և վերանայելու համար ձևավորել ժամանակավոր հանձնաժողով։

XS
SM
MD
LG