Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի այսօրվա հաղորդագրության համաձայն, ցավակցություն հայտնելով Քըրք Քըրքորյանի հարազատներին, Ամենայն Հայոց Հայրապետը նշել է. - «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քըրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ երկրաշարժի տարիներին Քըրքորյանը պատրաստակամությամբ և ազնիվ բարերարությամբ օժանդակել է աղետի հետևանքները հաղթահարելու գործին, ինչպես նաև զորակցություն ցուցաբերել Հայաստանի և Ղարաբաղի զարգացման տարբեր ծրագրերին:

«Հոգելույս Քըրք Քըրքորյանը իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցով սատարել է մեր Հայրենիքում ճանապարհների վերակառուցմանն ու նորոգությանը, մշակութային հաստատությունների վերանորոգմանը, ինչպես և աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայրենանպաստ ու ազգանպաստ ծրագրերի իրականացմանը: Բարեհիշատակ Քըրք Քըրքորյանը նաև իր ներդրումն է բերել Սփյուռքի մեր գաղթօջախների շինությանը, ազնիվ նվիրատվությամբ սատարել հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած գովելի ծառայությունների համար հոգելույս հայորդին իրավամբ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Նրա անունը միշտ պիտի հիշվի մեր ժողովրդի մեծանուն երախտավորների շարքում», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ:

Նշենք, որ այսօր Կառավարության նիստից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Քըրք Քըրքորյան հիշատակը։

«Մենք բոլորս ցավ ապրեցինք՝ լսելով Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Քըրք Քըրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում եմ մեծ հայի ընտանիքին, մերձավորներին, բարեկամներին, հարազատներին ու մեր ժողովրդին», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG