Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Ազգությամբ վրացի 125 կգ քաշային ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:2 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող՝ Աթենքի Օլիմպիական խաղերի, աշխարհի հնգակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին: Սակայն հաջորդ փուլում նա 0:5 հաշվով զիջեց բելառուսցի Ալեքսեյ Շեմարովին:
Արդյունքում, Բերիանիձեն հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլիի հետ:
Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականի ըմբիշներից պայքարի մեջ էին մտել Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ): Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում 0:7 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին, իսկ Մուրթազալիևը քառորդ եզրափակչում 1:4 հաշվով պարտվել էր վրացի Սանդրո Ամինաշվիլիին: Վոլոդյա Ֆրանգուլյանին ու Մուսա Մուրթազալիևին հաղթած ըմբիշներին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ, այդ իսկ պատճառով Հայաստանի ներկայացուցիչները չեն կարող պայքարել մեդալի համար:
Հարկ է նշել, որ հայաստանցի ըմբիշներին վիճակահանության արդյունքում բավականին դժվար մրցակիցներ են բաժին ընկել:
Ա․Մ․