Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի գործունեությունը հետաքննում է նաև Շվեյցարիայի դատախազությունը


Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը Բեռնում ասուլիսի ժամանակ, 17-ը հունիսի, 2015թ․
Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը Բեռնում ասուլիսի ժամանակ, 17-ը հունիսի, 2015թ․

Հետաքննության զգալի մասը նվիրված է Ռուսաստանի և Քաթարի ընտրությանը որպես 2018-ի և 2022-ի աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրներ:

Շվեյցարական դատախազությունը, հետևելով ամերիկացի գործընկերների օրինակին, արդեն երեք ամիս է ինչ պաշտոնապես հետաքննում է Ֆուտբոլային ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի գործունեությունը: Չորեքշաբթի օրն այս մասին Բեռնում հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազ Միխայել Լաուբերը:

Շվեյցարացի դատախազի խոսքով՝ հետաքննության զգալի մասը նվիրված է Ռուսաստանի և Քաթարի ընտրությանը որպես 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրներ:

«Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել առայժմ անհայտ անձանց կողմից 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների վայրի ընտրության ընթացքում թույլ տրված իրավախախտումների, մասնավորաբար՝ փողերի լվացման հատկանիշներով: Հետաքննությունը մեկնարկել է մարտի 10-ին», - հայտարարում էր Լաուբերը:

Շվեյցարական դատախազության ղեկավարը, սակայն, խորհուրդ է տալիս շուտափույթ արդյունքներ այս հետաքննությունից չակնկալել: Լաուբերի խոսքով, դրա գլխավոր պատճառը նախաքննության մարմնի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի ծավալն է:

«Մեր հետաքննությունը բավական բարդ է և ծավալուն: Այս պահին, օրինակ, մեր քննչական խումբը ապացույցներ ունի 104 բանկային գործարքների մասին, որոնցից յուրաքանչյուրում մի քանի հաշվեհամար է ներգրավված: Դա նշանակում է, որ դատախազությունը պետք է ուսումնասիրի տեղեկատվության այս ողջ ծավալը», - ասաց Լաուբերը:

Շվեյցարիայի գլխավոր դատախազը նաև նշում է, որ տեղեկատվության մշակմանը զուգահեռ՝ շուտով կմեկնարկի հարցաքննությունների փուլը:

«Համոզված եղեք, որ Շվեյցարիայի դատախազությունն ամեն ինչ անելու է օրենքի տառին համապատասխան: Կլինեն նաև հարցաքննություններ: Չեն բացառվում նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցաքննությունները», - նշում էր Լաուբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG