Մատչելիության հղումներ

Ձերբակալություններ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմում


Ձերբակալություններ ՖԻՖԱ-ի ղեկավար կազմում
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Շվեյցարական դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսում՝ փորձելով պարզել` արդյոք Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կոռուպցիոն գործարքների և ստվերային պայմանավորվածությունների արդյունքում է որոշում կայացրել 2018 թվականի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում, իսկ 2022 թվականինը Քաթարում անցկացնել։

Այսօր առավոտյան շվեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել է ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` CONMEBOL-ի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահներին, ինչպես նաև Ուրուգվայի, Վենեսուելայի և Կոստա Ռիկայի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին:

Նրանք բոլորը կասկածվում են Ռուսաստանի և Քաթարի` որպես աշխարհի առաջնությունները հյուրընկալող պետությունների ընտրության ժամանակ ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ: Չնայած դրան Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պնդում է` 2018 և 2022 թվականների առաջնության անցկացման վայրերի փոփոխություն չի լինի:

«[Առաջնությունները] Ռուսաստանում և Քաթարում են անցկացվելու: Այսօրվա իրավիճակը սա է: Թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը, նման շահարկումների գիրկն ընկնել ես չեմ ուզում: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել` ոչ ավել և ոչ պակաս»,- ձերբակալություններից մոտ հինգ ժամ անց Ցյուրիխում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՖԻՖԱ-ի հանրային կապերի տնօրեն Վալտեր Դե Գրեգորիոն:

Ձերբակալությունները տեղի են ունեցել ՖԻՖԱ-ի հերթական համաժողովի մեկնարկից երկու օր առաջ: Դրա ընթացքում ակնկալվում էր, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականի հունիսից, վերընտրվելու է: ՖԻՖԱ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ կոռուպցիոն սկանդալը որևէ կերպ չի ազդի Բլատերի վերընտրության հեռանկարների վրա:

«Նախագահը այս կոռուպցիոն սկանդալում ներգրավված չէ: Նա, իհարկե, ՖԻՖԱ-ի նախագահն է, բայց ինչպես կարող եք պնդել, թե նա պետք է պարզապես հրաժարական տա: Երկու օրից ընտրություններ են, և եթե համաժողովի 209 մասնակիցները նրա օգտին հանդես գան, Բլատերը հաջորդ չորս տարիներին կզբաղեցնի նախագահի պաշտոնը»,- ասաց Վալտեր Դե Գրեգորիոն:

Նկատելի է, որ ՖԻՖԱ ղեկավարությունը ամեն կերպ փորձում է նվազեցնել ծագած սկանդալի նշանակությունը: Վալտեր Դե Գրեգորիոն նույնիսկ հայտարարեց, թե Զեպ Բլատերը և նրա թիմակիցներն իրենք են ցանկացել, որպեսզի կազմակերպության ներսում գործող կոռուպցիոն մեխանիզմները բացահայտվեն: Այն փաստը, որ վիճահարույց և կասկածելի բոլոր որոշումները կայացվել են հենց Բլատերի անմիջական մասնակցությամբ, ՖԻՖԱ-ի խոսնակը գերադասեց շրջանցել:

«Տեղի ունեցածը ՖԻՖԱ-ի համար դրական նշանակություն ունի: Դա շատ վատ է կազմակերպության իմիջի և վարկի տեսանկյունից, բայց լավ է ՖԻՖԱ-ի ներսում զտումներ իրականացնելու առումով»,- ասաց կազմակերպության խոսնակը։

Հարկ է նկատել, որ ՖԻՖԱ-ի ողջ պատմության ընթացքում ծագած այս ամենաաղմկալի սկանդալը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն 2013-ին սկսեց հետաքննել կազմակերպության ներսում կոռուպցիայի դեպքերը: Ամերիկացի հետաքննիչների գլխավոր վկան Միացյալ Նահանգների քաղաքացի` ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ Չաք Բլեյզերն է, ով ակտիվորեն համագործակցում է իրավապահների հետ։ Ավելին՝ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, նա ձայնագրել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների հետ ունեցած իր մի շարք մասնավոր զրույցները, որոնք էլ հիմք են հանդիսացել մեղադրանքների համար:

Մի քանի ժամ Վաշինգտոնում տարածվեց Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լորետա Լինչի հայտարարությունը, որում նշվում էր, թե ՖԻՖԱ-ի չորս գործող և երկու նախկին պաշտոնյաներ արդեն իսկ ընդունել են իրենց մեղքը:

«Հետաքննության շրջանակում ներգրավված անձանց ընդհանուր թիվը հասնում է 14-ի»,-նշում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

«Կոռուպցիոն մեխանիզմներում ընդգրկված են ֆուտբոլային պաշտոնյաների երկու սերունդների ներկայացուցիչներ»,- նշում են ամերիկացի իրավապահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG