Պաշտոնական Բաքուն հայ դպրոցականների օլիմպիական թիմին անվտանգության պետական երաշխիքներ չի տրամադրել: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, ընդգծելով, որ ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից՝ Հայաստանի թիմը ստիպված չի մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին, միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել», - ասված է ԿԳՆ-ի հայտարարությունում:
Ավելի վաղ, հիշեցնենք, ԿԳՆ-ն հայտարարել էր, որ հայ դպրոցականները Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու համար կմեկնեն Բաքու, նրանց կուղեկցի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: