Այսօր բացվել է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևանից Բաթումի մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևորներ:
Ընկերության հաղորդագրության համաձայն, ֆիրմային գնացքը աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել, ասված է հաղորդագրությունում:
ՀԿԵ-ն հիշեցնում է, որ ապրիլին ԱՊՀ-ի երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան - Բաթումի - Երևան միջազգային գնացքին շնորհել է «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը:
ՀԿԵ-ն Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: