2014 թվականի օգոստոսից Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովն այսօր տեղափոխվել է Բեռն, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն։
Լրագրողին ուղեկցել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, ով նախօրեին Բաքու էր ժամանել՝ մասնակցելու Եվրոպական խաղերի բացման արարողությանը։
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տեղական կազմակերպության նախագահ Հուսեյնովը Ադրբեջանում հետապնդվող բազմաթիվ իրավապաշտպաններից մեկն է: Անցյալ տարվա օգոստոսին Շվեյցարիայի դեսպանատունը, մարդասիրական նկատառումներից ելնելով, հյուրընկալել է և ապաստան է տվել ձերբակալության վտանգի տակ գտնվող 35-ամյա Հուսեյնովին, ով մինչև երեկ ապրում էր դեսպանատան տարածքում: Նրա կինը ամերիկուհի է, բայց Հուսեյնովը ԱՄՆ-ի քաղաքացիություն չունի:
Ամիսներ առաջ Foreign Policy-ի պարբերականը, անդրադառնալով Հուսեյնովի պատմությանը, գրել էր, որ եվրոպական մի քանի երկրներ օգնության պատրաստակամություն են հայտնել, Հուսեյնովն ընտրել է Շվեյցարիայի դեսպանատունը, որովհետև այն մոտ է գտնվել իր թաքստոցին: Նա ամբողջովին փոխել էր արտաքինը, ներկել մազերը: Ոստիկանությունը կասկածում էր, որ նա պետք է դրսում ապաստան փնտրի, ու հսկողության տակ էր պահում օտարերկրյա դեսպանատները: