Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը չի մերժվի. Ռոբերտ Նազարյան


Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը չի մերժվի. Ռոբերտ Նազարյան
please wait

No media source currently available

0:00 0:07:25 0:00

Ազգային ժողովում ուրբաթ օրը կայացան էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության հարցով լսումներ։

«Հնարավոր համարո՞ւմ եք հիմա մերժել հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, և դրանից հետո նոր հանրությանը և մեզ բոլորիս ներկայացնել այդ ուղղությամբ անելիքների մասին»,- այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հարցրեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտը մերժելու պատասխանատվություն իր վրա չի վերցնի։

«Մերժելու ձևը ո՞րն է. որպեսզի գտնենք այն աղբյուրը, որն այսօր մեզ խիստ անհրաժեշտ է ամբողջ էներգահամակարգի ֆինանսական կայունությունը և հետագա շարունակականությունը ապահովելու։ Պարզունակ երկու պատասխան կարող եմ տալ՝ դոլար-դրամ փոխարժեքը նվազեցնենք 407, ինչը որ գործող սակագնում է, և այն 24 միլիարդը, որի մասին ես խոսում եմ, որևէ տեղից աղբյուր գտնենք, դնենք սակագնի հիմքում, մյուս տարի հանենք։ Կա՞ էդ աղբյուրը։ Ես նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի՝ առանց որևէ աղբյուր ցույց տալու»,- ասաց Նազարյանը։

Հանձնաժողովը ՀԷՑ-ի հայտը կբավարարի մասնակի, պահանջված 17 դրամի փոխարեն, Նազարյանի խոսքով, հոսանքը կթանկանա մոտ 7 դրամով: Առաջիկա մեկ տարվա համար սակագնի վերանայման անհրաժեշտությունը Նազարյանը պայմանավորեց դրամի կտրուկ արժեզրկմամբ, ինչը հանգեցրել է վառելիքի գնի բարձրացման, սակավաջրությամբ։

«Եթե ինձ վերապահված է մի գործառույթ, և ամենամեծ առաքելությունը այն է, որ ես պետք է ապահովեմ ամբողջ էներգահամակարգի ֆինանսական կայունությունը, ուրեմն ես դատապարտված եմ այդ քայլը անելու»,- ասաց նա։

Ժամեր տևած քննարկմանը չէր մասնակցում ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը։ Իր բացակայության մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանին Բիբինը գրավոր էր տեղեկացրել։ ՀԷՑ-ի ղեկավարի բացակայությունը մեծ դժգոհություն առաջացրեց պատգամավորների մոտ։

Նաիրա Զոհրաբյանն (ԲՀԿ) ասաց.- «Պարոն Բիբինի բացակայությունը համարում եմ ուղղակի արհամարհանք, լկտի վերաբերմունք ՀՀ օրենսդիր մարմնի հասցեին։ Եթե նա այնքան ադեկվատ և ողջախոհ է, որ կարող է ժամանակ ունենալ լրատվական գործակալություններին հարցազրույց տալու և հերթական անգամ չընդունելու իր մեղքը, կարող էր գալ այստեղ և բարի լիներ պատասխաներ մեր հարցերին»։

Նազարյանի ձևակերպմամբ՝ Բիբինի այդ հարցազրույցն իրեն հանել էր հունից.- «Նա ասում է, որ բազմաթիվ անգամ ահազանգել են և՛ հանձնաժողովին, և՛ կառավարությանը, որ վիճակը անհանգստացնող է, բայց որևէ քայլ չի իրականացվել։ Ստում է պարոն Բիբինը։ Հարցազրույցում հունից հանեց այն, որ որևէ ձևով ինքը չի տեսնում ընկերության բացթողումներն ու թերացումները»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխանցմամբ՝ անցած երեք տարիներին ՀԷՑ-ը կուտակել է մոտ 37 միլիարդ դրամի վնաս։ Սակագնով դեռևս չի փոխհատուցվել 23.4 միլիարդը։ Այն մարելու համար անհրաժեշտ է բարձրացնել սակագինը։
Եթե ժամանակին շահույթը ճիշտ բաշխեին, այսօր այլ վիճակ կլիներ, ասաց Նազարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ամեն անգամ արձանագրողի դերում ենք.- «Կարող է մի օր էլ վեր կենանք, տեսնենք էդ ընկությունը չկա, կներեք բառիս համար, գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով։ Մենք ի՞նչ ենք անելու։ Մենք հետևում ենք, արձանագրողի դերում ենք, իսկ իրենք «Լեքսուս»-ներ են վարձակալում, 83, 84, 85 թվի արտադրած «Գազ 53» մակնիշի մեքենայի նորոգման վրա միլիոնավոր դրամներ են ծախսում։ Եթե սպասարկում են «Գազ 53»-ով, թող Բիբինն էլ «Գազ 24»-ով ման գա»։

ՀԷՑ-ը, Նազարյանի խոսքով, շահագրգռված չէ էլեկտրաէներգիայի կորուստները նվազեցնելու, որովհետև պետք է լրջագույն ներդրումներ կատարի։ Այդ հարցում, պաշտոնյայի խոսքով, պետք է շահագրգռված լինի Հայաստանի Հանրապետությունը։

Աղվան Վարդանյանն այսօրվա լսումները համարեց «մանանեխ ճաշից հետո».- «Ի վերջո մենք ունե՞նք հնարավորություն՝ ազատվելու այս անվարկունակ կազմակերպությունից և ակնհայտորեն վատ կառավարվող ընկերությունից»։

«Մենք ունենք որոշակի պատժամիջոցներ կիրառելու... ես ձեզ խոստանում եմ՝ այն խնդիրը, որ լուծում ենք այսօր, այն վնասը, որն առաջացել է ՀԷՑ-ի գործունեության հետևանքով, եթե նորից խնդիրներ առաջանան, մենք պարտավոր ենք և՛ կասեցում, և՛ զրկել լիցենզիայից»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն անդրադարձավ ՀԷՑ-ի բարեգործություններին.- «Մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, տարբեր այլ եկեղեցիներ, մանկատներում ապրողների ամուսնություններ, մկրտություններ և այլն... ո՞վ է թույլ տվել ՀԷՑ-ին... յոթ եկեղեցին են վերանորոգել»,- ասաց Մանուկյանը։

«Ինչի է արել, ով է արել, անկեղծ ասած, չգիտեմ, ոչ էլ ուզում եմ իմանալ»,- ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Ի դեպ, Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ «ոչ մեկը այսօր չի ուզում վարկ տալ ՀԷՑ-ին»։ ՀԷՑ-ը 106 միլիարդ դրամի ֆինանսական պարտավորություններ ունի, որից 23 միլիարդը Հայաստանի կայանների նկատմամբ պարտքն է, մնացածը՝ վարկային պորտֆելը։

«Էսօր ում դուռը գնում է, չեն էլ ընդունում»,- ասաց նա։

Նշենք, որ հոսանքը թանկացնելու որոշումը քննադատեցին նաև իշխող Հանրապետականի, լսումներին հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

XS
SM
MD
LG