Կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը կլինի 16 հազար դրամը ներկայիս 14 հազարի փոխարեն, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ 1300-ի փոխարեն:
Գործադիրը նաև սահմանել է պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազար դրամ 31 հազար 500-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազար դրամ 23 հազար 100-ի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամների համար՝ 18 հազար դրամ 15 հազար 750 դրամի փոխարեն:
Իսկ պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կլինի 24 հազար դրամ, երկու ծնողին կորցրած, 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80 հազար դրամ:
Հուլիսի 1-ից նաև 14 տոկոսով կավելանա երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը, 14.4 տոկոսով՝ սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը:
Նանե Սահակյան