Մատչելիության հղումներ

Վանյան. Գեղարքունիքում թութն աղիքային վարակի փոխանցման միջոց է հանդիսացել


Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում վաճառված թութը, որից գյուղացիներ են թունավորվել, ենթարկվել է լաբորատոր հետազոտության, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նրա խոսքով, ոչ թե թութն է թունավոր եղել, այլ այն ընդամենը աղիքային վարակի փոխանցման միջոց է հանդիսացել։ «Թթի վրա հայտնաբերվել է «Salmonella typhimurium» աղիքային վարակի հարուցիչ։ Թութը, որտեղից բերվել է, այնտեղից նույնպես նմուշառում ենք արել. ծառը գտնվել է տվյալ անձի այգում՝ անմիջապես անասնագոմի մոտ։ Կրողները հիմնականում կենդանիներն են՝ կովեր, ոչխարներ, թռչուններ, և թութը չի լվացվել, բերվել է փակ տարաներում և վաճառվել է տվյալ գյուղում, այսինքն՝ թթի միջոցով մենք ունեցանք աղիքային վարակ», - ասաց Վանյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզում արձանագրվեց թունավորման 55 դեպք, տուժածներից 51-ը Վահան գյուղից էին, 4-ը` Ճամբարակ քաղաքից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։

Վանյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցում բուժում ստացող վերջին հինգ հիվանդներն այսօր դուրս են գրվել։ «Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կոնտակտային ճանապարհով վարակը չտարածվի, ախտահանման աշխատանքները դեռ շարունակական կլինեն։ Մենք այսօր իրավիճակը վերահսկում ենք», - ասաց կենտրոնի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG