Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քննադատել է Ռուսաստանի նախագահին, ասելով, որ Վլադիմիր Պուտինը խարխլում է իր երկրի տնտեսությունը՝ փորձելով վերաստեղծել սովետական կայսրության երբեմնի փառքը, ինչը ԱՄՆ-ի նախագահի կարծիքով դատապարտված է տապալման։
Ելույթ ունենալով Բավարիայում՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող մամուլի ասուլիսում, Բարաք Օբաման կարծիք է հայտնել, որ ռուսաստանցիները մեծապես տուժում են Պուտինի պատճառով:
«Անցած մի քանի օրերին մենք տեսնում ենք, որ ռուսական ուժերը շարունակում են իրենց գործողությունները Ուկրաինայում՝ խախտելով այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը», - ասել է Օբաման: - «Ռուսաստանը խորը ճգնաժամի մեջ է: Մոսկվայի գործողությունները Ուկրաինայում հարվածում են Ռուսաստանին և ռուսաստանցիներին», - հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Աշխարհի առավել զարգացած 7 արդյունաբերական պետությունները պատրաստակամություն են հայտնել խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությանը Մոսկվայի միջամտության պատճառով։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը հակամարտությանը։