Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կաննի փառատոնների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը շրջել է փառատոնի տաղավարներով, այցելել պատվավոր հյուրի կարգավիճակով այս տարի փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներ:

Այնուհետև Սերժ Սարգսյանը մեկնել է «Հայաստանի պուրակ»: Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին։ Սարգսյանը և Լիսնառը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Շաբաթ երեկոյան Կաննում Հայաստանի նախագահը մասնակցել է «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տրված գալա ընթրիքին և հանդես է եկել ելույթով:

Մինչ այդ ցուցադրվել է «Մենք հայեր ենք» խորագրով հոլովակը: 5 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել են աշխարհասփյուռ մոտ 50 ճանաչված հայեր՝ Կոմիտաս, Ազնավուր, Խաչատրյան, Փարաջանով և այլք, ովքեր իրենց նվաճումներով հայտնի են ամբողջ աշխարհում:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն: Նախագահը Պատվո շքանշանով է պարգևատրել երգչուհի Ռոզի Հովհաննիսյանին (Ռոզի Արմեն)՝ Հանրապետության տոնի առթիվ, հայապահպանության, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, և կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանին՝ հայ - ֆրանսիական մշակութային կապերի զարգացման, հայապահպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Գալա ընթրիքի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է. - «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնում Հայաստանն այս տարի պատվավոր հյուր է: Այս հանգամանքը սեփական մշակույթն աշխարհին հասցնելու և այլոց նվաճումներին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է մեր երկրի համար։ Հայաստանն իր պատմությամբ ու մշակույթով հնագույններից է, որ դարեր ի վեր ստեղծել, արարել ու արժեքներ է կերտել։ Մինչդեռ, ավաղ, նախորդ դարասկիզբը հինավուրց մեր ժողովրդի պատմության մեջ դաջվեց ամենամռայլ էջերով. Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ 1915 թվականը սև սեպի պես խրված է մեր հիշողության մեջ, մտածողության, կենսակերպի մեջ։ Սա հայերիս ողբերգությունն է, նաև՝ ժամանակակից Թուրքիայի ժխտողական կեցվածքի ամոթը։ Սա այն արհավիրքն է, ինչի մասին նախորդ դարասկզբին ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը ասել է. «Մենք վերջապես հասկացանք, որ Արևելքում մեր քույրն է մեռնում, մեռնում է այն պատճառով, որ մեր քույրն է, և նրա հանցանքն այն է, որ կիսել է մեր զգացմունքները, սիրել այն, ինչ մենք ենք սիրում, մտածել այն, ինչ մենք ենք մտածում, հավատացել այն ամենին, ինչին մենք ենք հավատում. նա մեզ նման գնահատել է իմաստությունը, արդարությունը, պոեզիան, արվեստը»։

«Սակայն այսօր, Օսմանյան կայսրությունում իրագործված նախճիրից հարյուր տարի անց, մեզ համար նվիրական ու խորհրդանշական այս տարում, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հստակորեն փաստում ենք, որ ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել քաղաքակրթական ու բարոյական առաքինությունները, ապրելու ու արարելու տենչը, ինչպես նաև հոգևոր, ոգեղեն ու մշակութային առաջընթացը: Մեզ առաջընթացի ուժ են տալիս և՛ անկումները, և՛ վերելքները։ Հենց այս արտասովոր ուժն է, որ հային մղել է ժայռի մեջ եկեղեցի փորել, թուրքական յաթաղանից մազապուրծ` թանկարժեք գոհարների ու ոսկե զարդերի փոխարեն գրքեր ու մատյաններ փրկել, Եղեռնից կորացած մեջքը դեռ չուղղած՝ նետվել ֆաշիզմի դեմ պայքարի և շարունակել արարել ու հաղթանակել», - ասել է Սերժ Սարգսյանը։

«Արտասովոր այս ուժը նախևառաջ հոգևոր կորով է, որն արթնանում է, երբ ունենում ենք ընդհանուր երազանք և ցանկանում ենք իրականություն դարձնել այն։ Այսօր այդ նույն արտասովոր ուժը մեզ օգնում է աշխարհին ներկայանալ այնպես, որ Հայաստանն ընկալեն որպես արժեքների երկիր՝ երկիր, որն ապրում է մշակույթների խաչմերուկում և առանց վարանելու, ազատ ու վստահորեն խոսում և հարաբերվում է երկու աշխարհների` Արևելքի ու Արևմուտքի հետ», - հայտարարել է նախագահը։

«Դեռևս մեկ դար առաջ իր ազգային երգով Ֆրանսիային ներկայացավ հայ մեծանուն երգահան Կոմիտասը։ Նա ընդունվեց Ֆրանսիայում, ավելին` նրա առջև ծնկի եկավ ֆրանսիացի մեծ կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, իսկ մյուս մեծ ֆրանսիացին` Ռոմեն Ռոլանը Կոմիտասի համերգից հետո գրեց. - «Հայը խորն է, ողբերգական և առնական նույնիսկ իր երազկոտության մեջ... Ի՜նչ հրաշալի երաժշտություն է։ Եվրոպական արվեստը վաղ թե ուշ կկրի այդ արվեստի ազդեցությունը»։ Հետևաբար շատ խորհրդանշական է, որ վաղն այս հիասքանչ քաղաքում, աշխարհի գլխավոր երաժշտական այս իրադարձության շրջանակներում հենց Դեբյուսիի անունը կրող դահլիճում կհնչի Կոմիտասի երաժշտությունը», - ասել է Սարգսյանը։

«Հայի հարատևած մշակութային ու հոգևոր տոկունության օրինակները շատ են։ Դրանց ապացույցներն այժմ նաև այս սրահում են։ Նախորդ դարասկզբին Մարսելում խարիսխ նետած նավերը Ֆրանսիա բերեցին այնպիսի հայորդիների, որոնց ժառանգներն այսօր զարդարում են Ֆրանսիայի մշակույթը` Շառլ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ալեն Թերզյան, Ալեքսանդր Սիրանոսյան, Ռոբեր և տիկին Գեդիգյաններ։ Այս անհատականություններն այլևս Ֆրանսիայի լիարժեք ու պատվավոր քաղաքացիներն են, բայց, այնուամենայնիվ, նրանց մեջ ապրում են իրենց ազգի ժառանգությունը, պատմությունը, հավատն ու մշակույթը։ Իրենց անցյալի հիշատակներն ու ծագման հիշողությունն են յուրահատուկ հմայք հաղորդում նրանց ստեղծած արվեստին, նրանց պահում հայ և միաժամանակ՝ համաշխարհային ու համամարդկային», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

«Այս օրերին, երբ կունկնդրեք հայ երաժշտությունն իր բոլոր ժանրերում, հավատացած եմ` կզգաք, թե որքան ազգային ու յուրօրինակ, միևնույն ժամանակ նույնքան անսահման ու համամարդկային է մեր արվեստը։ Համոզված եմ, որ հայոց հողից ծնված ու սնվող ազգային մեղեդիներն իրենց համամարդկային հնչեղությամբ կխլացնեն ձեր տխրությունը, կշոյեն ձեր լսողությունը և կլցնեն ձեր հոգիները ներդաշնակությամբ», - ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG