Հայաստանի Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` այսօր ավարտվել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արդյունքներն ամփոփել է զորավարժությունների ղեկավար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Մասնակցել են գլխավոր շտաբի պետի տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների նախապատրաստում, վարում:
Բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտից հետո բարձր մակարդակով անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ:
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել գերատեսչական կառույցների, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ գործակցության աստիճանի ամրապնդմանը, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված պաշտոնատար անձանց միջև համակողմանի ապահովումների կազմակերպմանը, զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունների ստուգմանը, ստորաբաժանումների միջև ներդաշնակման ու գործակցության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև մարտական իրավիճակին առավելագույնս մոտեցված պայմաններին վարժվածության մակարդակի կատարելագործմանը:
Զորավարժությունների արդյունքներն առավել մանրակրկիտ կվերլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, որոնց հիման վրա կորոշվեն հետագա անելիքները՝ դրանք Զինված ուժերում կիրառելու նպատակով, ասված է հաղորդագրությունում: