Քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է նորակառույց շենքում բնակարան տրամադրելու պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ «2015 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորած անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության և իր վստահորդի միջև 2009 թվականի հուլիսի 17-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր և կազմվել ստացական։ Ըստ այդմ՝ երկու բնակարան ձեռք բերելու դիմաց ընկերությանը վճարվել է 110․911.449 ՀՀ դրամին համարժեք 303.360 ԱՄՆ դոլար»։
Ըստ հաղորդագրության, «ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա. Հովհաննիսյանի, պարտավորվել է Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում կառուցվող բազմաբնակարան նորակառույց շենքի շինարարարական աշխատանքների ավարտից հետո, որպես սեփականություն, քաղաքացուն հանձնել թիվ 19 և թիվ 36 բնակարանները, ինչը սակայն տեղի չի ունեցել»։ «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ շինարարության ավարտից հետո ընկերությունը քաղաքացուն է հանձնել միայն թիվ 19 բնակարանը, իսկ 49.050.237 ՀՀ դրամին համարժեք 134.160 ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 36 բնակարանը չի հանձնել: Ավելին՝ 2014 թվականի ապրիլի 16-ին բնակարանը վաճառվել է այլ անձի», - փոխանցում է Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, շարունակվում են քննչական և դատավարական գործողությունները՝ պարզելու գործարքի բոլոր հանգամանքները։