Մատչելիության հղումներ

Կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ հափշտակվել է ավելի քան 230 մլն դրամ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ ավելի քան 230 միլիոն դրամի հափշտակության հանգամանքները, եղանակը։ Մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 60-ամյա բնակիչը, որի ինքնությունը չի հրապարակվում, իր ֆինանսական խնդիրները լուծելու, ապօրինի ճանապարհով գումարային մեծ օգուտներ ստանալու նպատակով 2012-2014 թվականների ընթացքում պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր և դրանք իրացրել Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։ Մասնավորապես, ունենալով ոսկերչի մասնագիտական գիտելիքներ՝ գյումրեցի տղամարդը 2012-ի սկզբից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր։

Քննությամբ պարզվել է ոսկերչի կողմից կիրառված կեղծիքների մի քանի տարբերակ. մի դեպքում ոսկեջրել է արծաթյա ապարանջաններն ու շղթաները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ՝ այդ կերպ զգալիորեն ծանրացնելով ոսկյա զարդերի քաշը։

Նշված եղանակներն օգտագործելուց հետո ոսկերիչը հատուկ տեխնիկական սարքավորումների օգնությամբ արհեստագործական կամ ինքնաշեն եղանակով կեղծել է նաև պատրաստված զարդերի տարբերանիշերը, հարգադրոշմները՝ դրանք նմանեցնելով համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների հարգադրոշմներին և տարբերանիշերին։ Կեղծված զարդերն իր ընտանիքի անդամների, ազգականների և ծանոթների միջոցով գրավադրել է Շիրակի մարզում գործող վեց տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։

Քննությամբ պարզվել է, որ կեղծված զարդերի մեծ մասը տարբեր վարկառուների միջոցով գրավադրվել է երկու բանկում։ Ընդ որում, դրանցից մեկում նրան աջակցել են տվյալ բանկի ոսկերիչ-փորձագետները, որոնց հետ 60-ամյա գյումրեցին ծանոթ է եղել նախկինում ևս։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բանկի ոսկերիչ-փորձագետները նախապես տեղեկացված են եղել վարկառուների ներկայացրած զարդերի կեղծված լինելու մասին և փաստացի չկատարելով իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ չեն ստուգել, չեն պարզել ներկայացված զարդերի մետաղի տեսակը, հարգը՝ դրանք ձևակերպելով որպես գրավի առարկա։

Կեղծված զարդերի գրավադրմամբ 60-ամյա գյումրեցին Շիրակի մարզում գործող վարկային կազմակերպություններից և բանկերից ստացել է դրանց շուկայական արժեքն էապես գերազանցող վարկեր։ Խարդախության եղանակով հափշտակված գումարը գնահատվել է 234 միլիոն 450 հազար 442 դրամ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Գյումրիի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բանկի երկու ոսկերիչ-փորձագետներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG