Մատչելիության հղումներ

Ինչու հրաժարական ներկայացրեց Զեպ Բլատերը


Ինչու հրաժարական ներկայացրեց Զեպ Բլատերը
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

ՖԻՖԱ-ի երկարամյա նախագահը չի շտապում ազատել իր աշխատասենյակը ցյուրիխյան կենտրոնակայանում:

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի պաշտոնավարման հինգերորդ ժամկետը կլինի ամենակարճատևը: Երեկ երեկոյան՝ վերընտրվելուց ընդամենը չորս օր անց, ՖԻՖԱ-ի ղեկավարը Ցյուրիխում անսպասելիորեն հայտարարեց պաշտոնը լքելու մասին:

«Չնայած ՖԻՖԱ-ի անդամները ինձ պաշտոնավարման նոր մանդատ շնորհեցին, այն ֆուտբոլային աշխարհի ոչ բոլոր ներկայացուցիչների աջակցությունն է վայելում: Այդ թվում ես նկատի ունեմ հովանավորներին, ֆուտբոլիստներին և ֆուտբոլային ակումբներին», - նշում էր Բլատերը` խոստանալով, որ առաջիկայում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ կկայանան, որոնց ինքը չի մասնակցի:

«Ես իմ լիազորությունները վայր կդնեմ կազմակերպության արտահերթ համաժողովի ընթացքում: Այդ որոշումը ուժի մեջ կմտնի որքան հնարավոր է արագորեն, երբ ՖԻՖԱ-ի արտահերթ համագումարը ի վիճակի կլինի ընտրել իմ հաջորդին», - նշում էր Բլատերը:

ՖԻՖԱ-ի երկարամյա նախագահը, սակայն, չի շտապում ազատել ցյուրիխյան կենտրոնակայանում գտնվող իր աշխատասենյակը: Առաջիկա ամիսներին Բլատերը կշարունակի ղեկավարել այս կառույցը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նոր նախագահի ընտրությունների համար ՖԻՖԱ-ի արտահերթ համագումարը կհրավիրվի 2015-ի դեկտեմբերից մինչև 2016-ի մարտ ժամանակահատվածում:

Իսկ ֆուտբոլային աշխարհն այժմ փորձում է հասկանալ, թե ինչը ստիպեց ընդամենը մի քանի օր առաջ վստահորեն իր հինգերորդ ընտրական հաղթանակը տոնող Բլատերին հրաժարական ներկայացնել:

Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ գլխավոր պատճառը կազմակերպության ներսում կոռուպցիոն սխեմաների հետաքննության ակտիվ շարունակությունն է: Այս վարկածի օգտին է նաև այն հանգամանքը, որ Բլատերի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Ինտերպոլը ՖԻՖԱ-ի բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների միջազգային հետախուզում հայտարարեց: Նրանց թվում են ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի պարագվայցի անդամ Նիկոլաս Լեոզը, արգենտինացի Ալեխանդրո Բուրսակոն, բրազիլական հեռուստատեսության` ֆուտբոլային հեռարձակումների համար պատասխանատու ղեկավարներից մեկը` Ժոզե Մարգիլեսը: Այս վարկածի օգտին է խոսում նաև վերջին ժամերին հայտնված տեղեկատվությունը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն ակտիվորեն ուսումնասիրում է Զեպ Բլատերի ներգրավվածությունը բացահայտված կոռուպցիոն գործարքներում:

Բլատերի կողմնակիցներն ու մերձավորները նրա հրաժարականի անհամեմատ ավելի ռոմանտիկ պատճառներ են ներկայացնում: ՖԻՖԱ-ի ղեկավարի դուստրը` Կորին Բլատեր-Անդերմատենը նշել է․ - «Իմ հայրը մեծ մարդ է, և նա այս քայլին է դիմել մի շատ պարզ պատճառով `ցանկանալով պաշտպանել իր ընտանիքը»:

ՖԻՖԱ-ի նախագահի երկարամյա աջակիցներից ևս մեկը` Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, պնդում է, թե Բլատերը հրաժարականի դիմում ներկայացրեց կազմակերպության հանդեպ տածած սիրուց դրդված:

«Մենք տեսնում էինք, թե ինչ ճնշում է գործադրվում ՖԻՖԱ-ի հանդեպ: Նախագահի ընտրությունների հանդեպ [գործադրվող] քաղաքական ազդեցությունն աննախադեպ էր: Նման պայմաններում նախագահ փոխելը շատ բարդ էր և անհնարին», - նշում էր Մուտկոն:

Ֆուտբոլային ֆեդերացիաների եվրոպական ընկերակցության` ՈւԵՖԱ-ի ներսում տրամադրություններն այլ են: Բլատերի դեմ ծավալված երկարատև պայքարը կարծես մոտենում է հաղթական ավարտին: Սա է թերևս պատճառը, որ ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին հայտարարեց, թե իր ղեկավարած կազմակերպությունը չեղյալ է հայտարարել այս շաբաթ Բեռլինում կայանալիք արտահերթ կոնֆերանսը: Ակնկալվում էր, որ կազմակերպությունը բեռլինյան համաժողովի ընթացքում կարող էր կտրուկ քայլերի դիմել` ընդհուպ մինչև առաջիկա աշխարհի առաջնությունները բոյկոտելու մասին որոշումը:

Ի դեպ, արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Բլատերի փոխարեն ՖԻՖԱ-ի ղեկավարությունը ստանձնելու ընդունակ ամենահավանական թեկնածուն հենց Միշել Պլատինին է: Բրիտանական Daily Telegraph-ի հրապարակած ցուցակում Պլատինիից բացի ընդգրկվել են նաև վերջին ընտրությունների ժամանակ Բլատերի միակ մրցակիցը` Հորդանանի իշխան Ալի Բին ալ-Հուսեյնը, Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն և Ֆուտբոլի ասիական համադաշնության նախագահ բահրեյնցի շեյխ Սալման ալ-Խալիֆան: Վերջինս, ի դեպ, Բլատերի ամենաակտիվ աջակիցներից մեկն էր և նախորդ ուրբաթ օրը կայացած ընտրությունների ժամանակ արեց հնարավորը` նրա վերընտրությունն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG