Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Հուբեյ նահանգում Յանցզի գետում մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
«Վստահ եմ, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Հիշեցնենք՝ 458 մարդու տեղափոխող ուղևորատար նավը խորտակվել է երկու օր առաջ: Ըստ «Ռոյթերս»-ի վերջին տվյալների, 14 մարդու հաջողվել է փրկվել: Փրկարարները գետից դուրս են բերել 19-ի մարմինները, մյուսները համարվում են անհետ կորած: