Մատչելիության հղումներ

«2018 թվականի առաջնության իրավունքը` ՖԻՖԱ-ի հետ բարեկամանալու շնորհիվ»


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը, աղբյուրը` Current time.tv, 30 մայիսի, 2015թ.
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը, աղբյուրը` Current time.tv, 30 մայիսի, 2015թ.

Ռուսաստանցի մարզական լրագրողը իր գրքում վստահեցնում է՝ կոռուպցիայի հարց չկա:

The Financial Times-ը հաղորդում է ռուսաստանցի մարզական լրագրող Իգոր Ռաբիների վերջերս հրատարակած «Ինչպես Ռուսաստանը վաստակեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը» գրքի մասին։

Գրքի հեղինակի համոզմամբ, կոռուպցիայի հարց չկա, ռուսական կողմն ապահովել է աշխարհի առաջնության անցկացումը համաշխարհային ֆուտբոլի պատասխանատուների հետ «լեզու գտնելու և բարեկամանալու» շնորհիվ։

Գրքի աշխատանքային վերնագիրն էր՝ «Արդյո՞ք Ռուսաստանը գնել է առաջնությունը», սակայն հետագայում հեղինակին նկատել են տվել, որ նման վերնագրով գիրք լույս չի տեսնի, իսկ հեղինակը կզրկվի աշխատանքից։

Ռաբիների համոզմամբ, առաջնությունը հյուրընկալելու իրավունքը վաստակելու համար շատ մեծ գործ է արել Ռուսաստանի ֆուտբոլային միության այն տարիների նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։ Նա գրում է, թե «Կոլոսկովը ֆուտբոլի ոչ թափանցիկ քաղաքականության ասպարեզում Ռուսաստանի շահերի գլխավոր լոբբիստն էր»։

1979-2005 թվականներին Կոլոսկովը ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ էր, հաճախ թենիս էր խաղում կազմակերպության նախագահ Զեպ Բլատերի հետ, բացի այդ՝ լավ կապեր ուներ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բրազիլացի Ժոաո Ավելանժի հետ։

Կոլոսկովը նպաստել է Բլատերի և ՈւԵՖԱ-ի այն տարիների նախագահ Լենարտ Յուհանսոնի միջև լարվածության հաղթահարմանը։ Ռաբիները գրում է, թե Կոլոսկովն իր ամառանոցում երկուսին նստեցրել է սենյակում, օղու շիշ է դրել սեղանին և կարգադրել՝ «դուրս չգաք, մինչև չհաշտվեք»։

Ֆուտբոլի և քաղաքական ասպարեզում համաշխարհային ղեկավարների հետ սերտ կապեր է ունեցել նախկինում Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ, հիմա` սպորտի նախարար Վիտալի Մուտկոն։

Ըստ գրքի, Մուտկոն, ով ժամանակին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանում աշխատել է Վլադիմիր Պուտինի հետ, համոզել է Ռուսաստանի նախագահին Բլատերի և ՖԻՖԱ-ի մյուս պաշտոնյաների համար կազմակերպել «բարձրակարգ ընդունելություն Մոսկվայում»։ Պուտինը Մուտկոյի հորդորով հանդիպել է ՖԻՖԱ-ի բոլոր ղեկավարներին։

«Ամեն ինչ հաջողվել է ՖԻՖԱ-ում Կոլոսկովի և քաղաքական շրջանակներում Մուտկոյի կապերի շնորհիվ», - գրում է Ռաբիները։

Ինքը Մուտկոն օրերս հույս է հայտնել, որ առաջնությունը չեն խլի Ռուսաստանից, և հավելել է, որ «եթե նման բան պատահի` դա աղետ կլինի»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին կոչ է արել ճնշում չբանեցնել ՖԻՖԱ-ի հարցում։

«Ռուսաստանն իր շահերի վրա հարձակում է համարում Միացյալ Նահանգների կողմից ՖԻՖԱ-ին ներկայացված մեղադրանքները։ Բլատերի նախագահությունը Պուտինի համար աշխարհի առաջնության անցկացման երաշխիք է։ Պուտինն այդ առաջնությամբ ուզում է ապացուցել, որ չնայած Արևմուտքի հետ վեճին՝ ինքը կարող է բարձրակարգ ճոխ միջազգային շոուներ անցկացնել»,- ասել է Bloomberg-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին։

The Sunday Times-ը հաղորդում է, որ Պուտինն իր միլիարդատեր ընկերների և այն տարիներին Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ քաթարցի Մոհամեդ բին Համամի հետ եկել է համաձայնության, որ քվեարկությունների ժամանակ կողմերը ձայներ կփոխանակեն․ այդպես Ռուսաստանը ստացել է 2018 թվականի, իսկ Քաթարը` 2022 թվականի առաջնությունն անցկացնելու հնարավորությունը։

The Sunday Times-ը նշում է, որ եթե այդ տվյալները հաստատվեն, ապա շատ հավանական է, որ երկու երկրներն էլ կզրկվեն այդ առաջնություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG