Մատչելիության հղումներ

Կրեմլը կեղծ լուսանկարներով է պաշտպանել «Բոինգի» կործանման իր վարկածը


Կրեմլը կեղծ լուսանկաներով է պաշտպանել «Բոինգի» կործանման իր վարկածը
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Բրիտանացի անկախ փորձագետները հրապարակել են մի զեկույց՝ ապացուցելով, որ Ռուսաստանի պաշտոնյաները Դոնբասի օդային տարածքում մալազիական «Բոինգի» աղետից անցած այս ամբողջ ժամանակաշրջանում արբանյակային կեղծ լուսանկարներով են առաջ տարել ողբերգության իրենց վարկածը։

Ամստերդամ - Կուալա Լումպուր MH17 չվերթը կատարող օդանավը հրթիռակոծվել և վայր է ընկել անցյալ տարվա հուլիսի 17-ին։ Աղետի հետևանքով սպանվել էին բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 298 մարդ, մեծ մասը՝ Նիդերլանդների քաղաքացիներ։

Զեկույցը երեկ երեկոյան հրապարակել է Bellingcat անկախ վերլուծական կենտրոնի հետաքննող փորձագետ Էլիոթ Հիգինսը։ Ըստ զեկույցի, ռուսական կողմը պնդել է, որ մալազիական օդանավը վայր են գցել ուկրաինացի զինվորականները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում աղետից չորս օր անց տեղադրվել են ուկրաինացիների «մեղքը», իբր, ապացուցող արբանյակային լուսանկարներ, որոնք իրականում կեղծվել են թվային մոնտաժի բարձրագույն հնարավորություն ընձեռող Adobe Photoshop CS5 ծրագրի միջոցով։

Ամերիկյան և գերմանական հետախուզության փորձագետների համոզմամբ՝ «Բոինգը» վայր են գցել ռուս անջատականները կամ Դոնբասի տարածքում գտնվող ռուսաստանցի զինծառայողները «SA-11 Бук» տեսակի երկիր - երկինք հրթիռով։

Որքան էլ կատարյալ արվի թվային մոնտաժը, համակարգչային ծրագրերը թույլ են տալիս բացահայտել մանր-մունր խորամանկությունները։ Bellingcat կենտրոնը վերլուծել է 2014 թվականի հուլիսի 21-ին ռուսների հրապարակած արբանյակային լուսանկարները։ Դրանցից մեկում պատկերված են Զարոչինսկոե գյուղի մոտ տեղակայված «Բուկ» տեսակի երկու հրթիռներ։

Bellingcat-ի փորձագետներն ապացուցել են, որ իրականում այդ լուսանկարներն արվել են ոչ թե հուլիսի 14-ին և 17-ին, այլ 2014 թվականի հունիսի 1-ին և 18-ին։ Ռուսների սուտը «բռնվել է», քանի որ այդ նկարները կան նաև Google Earth համակարգի արխիվում, որը բաց է և մատչելի ցանկացած օգտատերի համար։

Լուսանկարների վերլուծությունը ապացուցում է նաև, որ դրանք մոնտաժվել են, խմբագրվել է ամպերի պատկերը։

Լոնդոնի King's College-ի պատերազմի հետազոտությունների բաժնի և Bellingcat​ կենտրոնի վերլուծաբան Հիգինսի փոխանցմամբ, ռուսները մի նկարից, որը, իբրև թե, արվել է հուլիսի 17-ին, հեռացրել են ուկրաինական «Բուկ»-ի պատկերը՝ ցանկանալով ապացուցել, որ ուկրաինացիները «Բոինգը» վայր գցելուց հետո հռթիռային կայանքը շրջանից դուրս են հանել։

Երկրորդ նկարի վրա նրանք ավելացրել են այդ հրթիռները՝ ցանկանալով տպավորություն ստեղծել, թե այնտեղ ակտիվ վիճակում են եղել հրթիռներն այն ժամանակ, երբ դրանք իրականում այնտեղ ընդհանրապես չեն եղել։

«Վերլուծելով այդ նկարները հասկանում ես, որ ռուսները խաբել են միջազգային հանրությանը և MH17 չվերթի զոհերի ընտանիքներին», - ասել է Հիգինսը։

Հոլանդացի անկախ փորձագետների թիմը «Բոինգի» ողբերգության մասին զեկույցը կներկայացնի այս տարվա հոկտեմբերին։

XS
SM
MD
LG