Այսօր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին կենտրոնից։
Արմեն Հակոբյանը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 26-ին «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Գազալցակայանը պատկանում է հենց Հակոբ Հակոբյանին։ Պայթյունից տուժել է նաև նախկին պատգամավորի որդին, ում վիճակը, ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, նախկինի համեմատ լավ է։
Նշենք, որ շուրջ կես տարի առաջ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ) տվյալ գազալցակայանում ստուգումներ էր անցկացրել, խախտումներ հայտնաբերել ու սեփականատիրոջը տուգանել մոտ մեկ միլիոն դրամով։
Անցած ամսվա ընթացում հայաստանյան գազալցակայաններում տեղի է ունեցել չորս պայթյուն, արդյունքում երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։