Մատչելիության հղումներ

Ատլանտյան խորհուրդ․ Պուտինը ստել է իր ժողովրդին


Ռուսական զինտեխնիկան ռուս - ուկրաինական սահմանի մերձակայքում, արխիվ
Ռուսական զինտեխնիկան ռուս - ուկրաինական սահմանի մերձակայքում, արխիվ

Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանն ուղիղ ռազմական միջամտություն է կատարել Արևելյան Ուկրաինայում։

Նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմի մեջ է ներքաշել իր երկիրը և ստել է ժողովրդին, ասված է երեկ հրապարակված զեկույցում: Նշվում է, որ «օգտագործելով փետրվարին ձեռք բերված հրադադարը և ռազմական գործողությունների ակտիվության նվազեցումը՝ նախագահ Պուտինը շարունակել է զենք ու զինամթերք տրամադրել անջատականներին պատերազմի հաջորդ փուլին նախապատրաստվելու համար»։

Ուկրաինայում 2014 թվականի ապրիլին սկսված բանակի և ռուս անջատականների պատերազմում սպանվել է առնվազն 6 հազար 100 մարդ։ Այդ հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենածանր ճգնաժամին։

Զեկույցը կազմած փորձագետները հավաքել են արբանյակային լուսանկարներ, սոցիալական ցանցերում տեղադրված ֆոտո- և տեսանյութեր, փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Ուկրաինայի արևելքում պատերազմը մղում են ռուսական զենքով, ռուս զինվորները` Պուտինի աջակցությամբ»։

Կրեմլը շարունակում է պնդել, որ ռուս անջատականները ուկրաինացիներից խլած զենքն են օգտագործում, և Ռուսաստանն այդ պատերազմի հետ կապ չունի։ Մինչդեռ Ատլանտյան խորհրդի փորձագետներն ասում են, որ անջատականների մոտ կան զինատեսակներ, որոնք Ուկրաինայի բանակը երբևէ չի ունեցել։ Այդ զինատեսակներից մեկը T-72B3 տեսակի տանկն է, որը T-72-ի արդիականացված տարբերակն է և նույնիսկ ռուսական բանակում չի եղել մինչև 2013 թվականը։ Նման օրինակներ էլի կան` «Պանցիր-S1» տեսակի հակաօդային համակարգը, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներով փոխադրվող SA-22 և «2B26 Գրադ» տեսակի հրթիռային կայանքները․ Ռուսաստանի զինված ուժերն այդ զինատեսակները 2012 թվականին են ստացել։

Ըստ զեկույցի, կան փաստեր, որոնք վկայում են, որ պատերազմի ամենավճռական ժամանակաշրջաններում ռուսները հրետակոծել են Ուկրաինայի տարածքը ոչ միայն անջատականների հսկողության տակ գտնվող շրջաններից, այլև հենց բուն Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները։

Դրանք ապացուցում են նաև ռուսական զինված ուժերի գերակտիվ գործողությունները սահմանամերձ շրջանում, որտեղ ռուսները վրանային ավաններ, հրետանի և հրթիռային կայանքներ են տեղակայում։ Կրեմլն այդ ակտիվությունը բացատրում է ընդամենը զորավարժություններով, սակայն ըստ Ատլանտյան խորհրդի փորձագետների՝ դրանք ավելի շատ խոսում են նոր պատերազմի նախապատրաստվելու մասին։

Զեկույցում ասվում է, որ Ուկրաինայի սահմանի մոտ կուտակված ստորաբաժանումների հրամանատարները զինծառայողներին հրամայել են համազգեստից հեռացնել տարբերանշանները, պիտակները և որևէ այլ գրություն։

Ըստ փորձագետների՝ Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում այսօրվա դրությամբ ունի մոտ 15 հազար զինծառայող, իսկ Ռուսաստանի տարածքի սահմանամերձ գոտիներում` մոտ 50 հազար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG