Մատչելիության հղումներ

Ըստ Պուտինի՝ ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ Բլատերի վերընտրությունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը Մոսկվայում «Ռուսաստան 2018» խորհրդի նիստի ժամանակ, հոկտեմբեր, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը Մոսկվայում «Ռուսաստան 2018» խորհրդի նիստի ժամանակ, հոկտեմբեր, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ տարօրինակ է անվանել այն փաստը, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունները կատարվել են ամերիկյան կողմի հարցմամբ, և կարծիք է հայտնել, թե Միացյալ Նահանգները փորձում է թույլ չտալ ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերի վերընտրությունը:

«Ինչ վերաբերում է կատարված ձերբակալություններին՝ դա շատ տարօրինակ է, չէ որ ձերբակալություններն իրականացվել են ամերիկյան կողմի հարցմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով», - Պուտինի խոսքերն է փոխանցում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

Խոսքը միջազգային պաշտոնյաների մասին է, և, Ռուսաստանի նախագահի խոսքով, «կարելի է ենթադրել, որ նրանցից ինչ-որ մեկը ինչ-որ բան խախտել է, չգիտեմ, բայց արդեն հաստատ՝ դրան ԱՄՆ-ը որևէ առնչություն չունի»: «Նրանք՝ այդ պաշտոնյաները, ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն: Եվ եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունեցել, այն տեղի է ունեցել ոչ Միացյալ Նահանգների տարածքում, և ԱՄՆ-ը դրան ոչ մի առնչություն չունի: Դա սեփական իրավասությունը այլ պետությունների վրա տարածելու ևս մեկ ակնհայտ փորձ է», - ասել է Պուտինը:

Խոսելով սկանդալի՝ 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հնարավոր հետևանքների մասին, երկրի ղեկավարը վստահեցրել է, թե դա Ռուսաստանին չի վերաբերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG