Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը մասնակցեց Սարդարապատի տոնակատարությանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հյուրեր, այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցեցին Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Նախագահը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ողջունեց տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորեց Հանրապետության տոնի առթիվ, հանդիսության մասնակիցների հետ դիտեց տոնական մշակութային ծրագիրը:

Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելեց Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի ունեցավ Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների:

«Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգևներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ, և ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության», - Հայաստանի նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արարողության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG