«Ազատության» հետ զրույցում Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտարարեց, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները նոր ճանապարհ են բացում Եվրամիության ու Հայաստանի միջև հետագա համագործակցության համար:
Անցած շաբաթավերջին ընդունած հռչակագրում Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները «ողջունեցին Եվրամիության ու Հայաստանի ապագա համաձայնագրի շուրջ ընդհանուր հայտարարի գալը, որը միտված է համատեղ շահերին առնչվող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը»:
«Ռիգայի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ էր, որը վերահաստատեց Եվրամիության ներգրավվածությունը այն հարցերում, որոնք առնչվում են Արևելյան գործընկերության մաս կազմող բոլոր վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին: Եթե հայացք նետեք Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրին, կտեսնեք, որ Եվրամիության անդամ երկրները կանաչ լույս վառեցին բանակցություններին ու պարտավորվեցին շարունակել բանակցությունները Հայաստանի հետ՝ նոր համաձայնագրի կնքման շուրջ», - ասաց Հրիսթեան:
Թե երբ կսկսվեն բանակցությունները Եվրամիության ու Հայաստանի միջև, այս պահին հայտնի չէ: «Ազատության» աղբյուրները հավանական են համարում, որ մեկնարկը կտրվի ամռանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով, Ռիգայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵՏՄ ու Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը «ընկալելի է Երևանի եվրոպական գործընկերների կողմից»․ - «Հայաստանի հետ կապված բոլոր հարցերի լայն սպեկտրով մենք ունեցանք ընկալում եվրոպական գործընկերների կողմից»:
Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Հայաստանի համար դրական գնահատելով Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները՝ նշեց․ - «Չնայած ԵՏՄ անդամակցությունը թույլ չի տալիս լիարժեք առևտրատնտեսական հարաբերությունների մեջ մտնել Եվրամիության հետ, սակայն դա չի նշանակում, որ տնտեսական առումով եվրոպական ուղղությամբ բոլոր հնարավորությունները փակ են»:
Ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի, գագաթնաժողովը մի կողմից ցույց տվեց, որ Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը ԵՄ հետ ինտեգրացիոն լուրջ գործըթնացի մեջ են, և Հայաստանը դուրս է մնացել այդ խմբից, մյուս կողմից՝ առ այսօր հստակ չէ, թե ո՞ր ոլորտներում և ի՞նչ խորությամբ է պատրաստ Երևանը զարգացնել իր հարաբերությունները Բրյուսելի հետ:
«Եվրոպական միությունը առաջին անգամ ճանաչում է և դրական խոսքեր է ասում եռակողմ բանակցությունների վերաբերյալ: Խոսքը ասոցացման համաձայնագրի առևտրի մասով Ուկրաինա – Եվրամիություն - Ռուսաստան բանակցություններին է վերաբերում: Եվ այս եռակողմ ֆորմատով հնարավորություն ընձեռվեց գալ համաձայնությունների: Կարծում եմ, որ սա նաև Հայաստանի համար շատ լավ նախադեպ և հնարավորություն է ստեղծում»: