Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին, հայտնում է կառավարության տեղեկատվության վարչությունը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Խոսելով Հայաստանի և Մեքսիկայի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները ևս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը:

Գաբրիելա Կուևաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG