Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը Լիպարիտ Պետրոսյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը


«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր դիմել է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը։

Կոչում, որը տարածել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Սիրելի Լիպարիտ, բանտային պայմաններում առողջության գնով՝ հացադուլի միջոցով, պայքարը շարունակելու քո արարքը գնահատելի է ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական առումներով: Սակայն մեր ժողովրդի, քո ընտանիքի և պայքարի ընկերների համար քո առողջությունն ավելի կարևոր է: Համոզված եղիր, որ քո այս քայլն արդեն տվել է իր արդյունքը, ուստի հորդորում եմ դադարեցնել հացադուլը և պայքարը շարունակել այլ մեթոդներով»:

Սեֆիլյանի կոչին միացել է նաև Լիպարիտ Պետրոսյանի եղբայրը՝ Աշոտ Պետրոսյանը։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եղբորը կոչ է անում դադարեցնել հացադուլը զուտ նրա առողջությունը պահպանելու նպատակով՝ նշելով, որ այժմ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Պետրոսյանը նաև փոխանցեց, որ երեկ իր եղբորն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Մայիսի 14-ին Լիպարիտ Պետրոսյանը անժամկետ հացադուլ հայտարարեց՝ ի նշան «Նոյեմբերի 5»-ի գործով Վճռաբեկ դատարանի որոշման դեմ բողոքի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամների դեմ քաղաքական բռնությունները դադարեցման պահանջով։

Վճռաբեկը, հիշեցնենք, անփոփոխ թողեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով սահմանված պատժաչափերը:

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG