Մայիսի 13-15-ը Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ) հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստան։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նոր Մաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏՄ-ի շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում: