Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ մասնավորապես ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները:
Սերգո Կարապետյանն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել բանկի ծրագրերում Մաստարայի ջրամբարի կառուցման խնդրի ընդգրկման հնարավորությունը, ինչին ի պատասխան, KfW բանկի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանում ստորգետնյա և մակերեսային ջրերի օգտագործման վերաբերյալ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս Գյուղատնտեսության նախարարությունը KfW բանկից ակնկալում է օժանդակություն:
Հանդիպմանը KfW բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկի ֆինանսավորմամբ Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության համար տրամադրվում են վարկեր: Ընդ որում, այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է այդ նպատակի համար ստանալ ևս 15 մլն եվրո, որը նպատակաուղղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: