Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Ղարաբաղը՝ Եռատոնը


Հաղթանակի և խաղաղության տոնը Երևանի Հաղթանակ զբոսայգում, 9-ը մայիսի, 2015թ․
Հաղթանակի և խաղաղության տոնը Երևանի Հաղթանակ զբոսայգում, 9-ը մայիսի, 2015թ․

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի և խաղաղության տոնը, Լեռնային Ղարաբաղը՝ մայիսյան Եռատոնը։

Տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը»:

«Ե՛վ առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում, և՛ ընդհատակում, և՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում: Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը», - նշում է նախագահն իր ուղերձում. - «Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ»:

«Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում։

«Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով», - իր ուղերձում նշում է Վեհափառը՝ շարունակելով. - «70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը` դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության»:

«Տոնական այս օրը Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին` պարգևելով ապահով ու բարօր կյանք», - ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, որը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Տոնական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Լեռնային Ղարաբաղում նշվող մայիսյան Եռատոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

«Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ», - ասված է ուղերձում։

«70 տարի առաջ մարդկության պատմության մեծագույն չարիքներից մեկի` նացիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի կերտման գործում իր արժանի ավանդն է ունեցել նաև արցախահայությունը։ Թե՛ մարտի դաշտում և թե՛ թիկունքում մեր հայրենակիցներն աչքի են ընկել իրենց հերոսությամբ ու սխրանքով, տոկունությամբ ու անձնվիրությամբ: Ռազմաճակատ մեկնած տասնյակ հազարավոր արցախցիների կեսը չի վերադարձել», - նշում է Սահակյանը և շարունակում. - «Մենք խորապես շնորհակալ ենք մեր քաջ հայրերին ու պապերին` նրանց անցած հերոսական ճանապարհի, մեզ թողած` նրանց հայրենասիրության ու անձնուրացության դասերի համար: Այդ դասերը լավ սերտեցին հետագա սերունդները` Մեծ Հայրենականից տասնամյակներ անց հաղթանակներ տանելով արդեն Արցախյան ազատամարտում: Մայր Հայաստանի և մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների հետ միասին մենք պաշտպանեցինք հայրենի Արցախի ազատությունն ու անկախությունը, հարազատ ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին և սկիզբ դրեցինք նոր հաղթանակների»:

«Այդ պայքարի բովում ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը և մեր անվտանգության հիմնական երաշխավորը: Բանակ, որն այսօր էլ պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները` արժանի հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին և անառիկ պահելով հայրենի երկրի սահմանները», - ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի ուղերձում։

«Մեր ժողովրդի ազատատենչ ոգու և անկոտրում կամքի շնորհիվ անկախության տարիներին մենք արձանագրեցինք մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Միայն այսպես` համախմբված ու միասնական կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և հասնել համազգային նպատակների իրականացմանը», - ընդգծում է Բակո Սահակյանը իր ուղերձում, որը հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքում։

Տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Երևանի հանդիսությունները կավարտվեն ժամը 22-ին տոնական հրավառությամբ՝ 70 համազարկով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG