Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հինգշաբթի օրը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն: Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում կայացած միջկրոնական աղոթքին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը։

Արարողությունից ժամեր առաջ Վաշինգտոնի Մայր տաճարի առջև արդեն հազարավոր մարդիկ էին հավաքվել։

Ներկա էին տարբեր եկեղեցիների առաջնորդներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի գլխավորությամբ։

Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքի Մայր տաճարում նախադեպը չունեցող այս արարողությունը մեծ խորհուրդ է կրում: Սարգսյանը հավելեց, որ հայ ժողովուրդը արդարության համար իր մեկդարյա պայքարի ընթացքում միշտ զգացել է ամերիկյան ժողովրդի աջակցությունը, և հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է։

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվականի

Միջկրոնական աղոթքի արարողությանը ներկա էին ոչ միայն ամերիկահայ համայնքի հազարավոր անդամներ, այլ նաև ամերիկյան դիվանագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ-ի փոխնախագահի և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերի գլխավորությամբ։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորեց փոխնախագահի՝ ներկա գտնվելու որոշումը։ «Կարծում եմ՝ բոլորին հաճելի է, որ փոխնախագահ Բայդենն այստեղ է գտնվելու՝ անցյալի իրադարձությունների նկատմամբ հարգանք մատուցելու: Չափազանց կարևոր է հիշել անցյալը», - ասաց Ուորլիքը:

Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը նշեց, որ ԱՄՆ-ի ներկա կառավարությունը փոխել է Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան պաշտոնական տոնայնությունը, ինչը կարելի է որպես առաջընթաց դիտարկել։ Նա հավելեց, որ Ջո Բայդենի մասնակցությունը խորհրդանշական դեր է խաղում։ «Մեր համակարգում, որտեղ նախագահը միաժամանակ պետության առաջնորդն է և կառավարության ղեկավարը, փոխնախագահ Բայդենը կարծես երկրի վարչապետ լինի», - նշեց Էվանսը:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը նույնպես կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը և այդ միջոցառումներին ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության մասնակցությունը։ «Ահա այս դեպքում մենք տեսանք, թե որն է իրականում Միացյալ Նահանգների ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում», - ընդգծեց նա:

Արարողության ժամանակ հնչեցին աղոթքներ թե՛ հայերեն և թե՛ անգլերեն լեզուներով, խոսքով հանդես եկան տարբեր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը նշեց, որ բոլոր կրոններում արդարությունը կարևորագույն արժեք է, իսկ դրա հերքումը՝ մեղք։

Արարողության ավարտական խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Շատերի կարծիքով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները իրենց մասշտաբայնությամբ կրում են աննախադեպ բնութ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG