Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ողջունում է Ղարաբաղում ընտրությունների կայացման փաստը


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ողջունում է Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկի, կայացման փաստը։

Հայաստանի ընդդիմադիր կուսակցության համար «բացարձակապես անհասկանալի և անընդունելի է Ադրբեջանի և նրա ճնշման ներքո՝ միջազգային հանրության բացասական, եթե չասենք անհանդուրժողական, վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացող բոլոր ընտրությունների նկատմամբ, քանի որ դա հակասում է Մինսկի Խմբի հիմնադրման մասին ԵԱՀԿ 1992 թվականի որոշման այն դրույթին, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները համաժողովի կհրավիրվեն նրա նախագահի կողմից որպես շահագրգիռ կողմեր»։

Միևնույն ժամանակ, ՀԱԿ-ը կարևորում է այն հանգամանքը, որ «այս տարի Մինսկի խմբի համանախագահները նրբացրել են իրենց մոտեցումը ղարաբաղյան վերջին ընտրությունների նկատմամբ՝ ապրիլի 30-ին ընդունած հայտարարության մեջ նշելով, որ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու գործում»։

«Ինչ վերաբերում է ընտրությունների գնահատականին, ապա դիտորդների ընդհանուր տեսակետի համաձայն դրանք անցել են օրինականության սահմաններում, թեև հարկ ենք համարում ընդգծել նաև որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատական արձագանքների արդարացիությունը», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Այս առումով կուսակցությունն անհրաժեշտ է համարում անյպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք ուղղված կլինեն Ղարաբաղում ժողովրդավարության ամրապնդմանը, ընդդիմության համար ազատ մրցակցության և հավասար պայմանների ապահովմանը, ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման բացառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG