5-րդ գումարման Ազգային ժողովի խոսնակ, Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Աշոտ Ղուլյանը 1/8 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:
Հարցին, թե ուժերի վերադասավորումը խորհրդարանում ինչպիսին կլինի, Ղուլյանն արձագանքեց, թե հավանաբար ուժերի դասավորությունը հիմնականում կպահպանվի:
Ինչ վերաբերում է խորհրդարանում ընդդիմության ներգրավվածությանը, Ղուլյանն ասաց, թե ընդդիմություն կլինի:
«Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին, նախընտրական շրջանը լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, և այս իմաստով ես կարծում եմ՝ սահմանափակումներ չեն եղել: Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», - նշեց նա:
Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին, Ղուլյանը կարծիք հայտնեց, թե հիմնականում հաջողվել է պահպանել քաղաքակիրթ և կոռեկտ մրցակցության կանոնները:
Արա Հարությունյան