Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի»


Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիև, արխիվ

«Մինսկի խմբի համանախագահների և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կողմից «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպման օգտագործումը անթույլատրելի է», - Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ամերիկյան Պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարություններին` նվիրված վաղը Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ գոյություն չունի: Կա Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչություն` բաղկացած հայ և ադրբեջանական համայնքներից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին հանդիպումներից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ նշեցին, թե հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը սեփական ապագան որոշելու հարցում»:

Երեկ էլ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության փոխխոսնակի պաշտոնակատար Ջեֆ Ռաթկեն հայտարարել է, մասնավորապես, որ պաշտոնական Վաշինգտոնը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն և հետևաբար չի ընդունելու մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները, ու միաժամանակ նշել է. - «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեր է ունենալու իր ապագան որոշելու հարցում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG