Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում սկսվել է զորակոչով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների պլանային փոխարինումը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, շուրջ երեք հազար զինվորներ և ենթասպաներ ծառայության մնացած մասը անցնելու են ուղարկվել օկրուգի միավորումներ, ինչից հետո կզորացրվեն: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների Գյումրիի և Երևանի կայազորներում:
Հաղորդագրության համաձայն, բոլոր ժամանող զինծառայողները ընտրվում են ըստ ֆիզիկական, բժշկական, բարոյահոգեբանական և մասնագիտական որակների՝ միավորման սպաներից, բժիշկներից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովների կողմից:
Զինծառայողների փոխարինումը կատարվելու է քաղավիացիայի օդանավերով: Այդ նպատակով գործարկվելու է շուրջ 50 ավիաչվերթ Ռուսաստանի 10 սուբյեկտներից Հայաստան և հակառակ ուղղություններով:
Ռուսական ռազմակայանի զինծառայողների թիվը այս գործընթացի արդյունքում չի փոխվելու:
Հիշեցնենք՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնից վերջերս հեռացվեց գնդապետ Անդրեյ Ռուզինսկին, և նրան փոխարինեց գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: