Մատչելիության հղումներ

Էրդողան. «Պուտինի հայտարարությունները ինձ տխրեցնում են»


Էրդողան. «Պուտինի հայտարարությունները ինձ տխրեցնում են»
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Էրդողանի դժգոհության հիմնական պատճառը Վլադիմիր Պուտինի գրավոր ուղերձն էր, որով նա դիմել էր «Աշխարհն առանց ցեղասպանությունների» համաժողովի մասնակիցներին:

Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի` պաշտոնական Մոսկվային և անձամբ Ռուսատանի նախագահին ուղղված կոշտ քննադատության մասին: Երեկ ուշ երեկոյան РИА Новости գործակալությանն այդ մասին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Օրվա այլ իրադարձությունների հետ մեկտեղ մենք նախագահին տեղեկացրել ենք նաև Էրդողանի հայտարարության մասին», - նշել է Պեսկովը:

Պուտինի երևանյան ուղևորությանն ու Հայոց ցեղասպանության մասին Ռուսաստանի նախագահի հնչեցրած վերջին հայտարարություններին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձավ երեկ՝ պաշտոնական այցով Քուվեյթ մեկնելուց առաջ: Անկարայի Էսենբողա օդանավակայանում պատասխանելով թուրքական NTV հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ Թուրքիայի ղեկավարը նշեց․ - «Անձամբ ես բավական տխրեցի, որ Պուտինը դիմեց նման քայլի և հանդես եկավ նման հայտարարություններով: Ես ցանկանում եմ իմ մոտեցումը շատ հստակորեն արտահայտել․ եթե խոսում ենք ցեղասպանությունների մասին, ապա Ռուսաստանն առաջինն է, որ պետք է հայացք ուղղի սեփական պատմությանը: Ի դեպ, շատ հեռուն գնալու կարիք էլ չկա: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում` Ղրիմում, Դոնեցկում և Լուգանսկում, արդեն իսկ շատ խոսուն է: Այն, ինչ կատարվում է, շատ ակնհայտ է, և տեղի ունեցողի համար առաջինը հենց ռուսները պետք է պատասխանատվություն կրեն»:

Էրդողանի դժգոհության հիմնական պատճառը Վլադիմի Պուտինի գրավոր ուղերձն էր, որով նա դիմել էր «Աշխարհն առանց ցեղասպանությունների» համաժողովի մասնակիցներին՝ նշելով․ - «1915 թվականի ապրիլի 24-ը տխուր մի օր է` կապված մարդկության պատմության ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի` հայերի ցեղասպանության հետ»:

Ռուսաստանյան РБК հեռուստաընկերությունը հիշեցնում է․ - «Երևանում հնչեցրած իր ելույթում Պուտինը ցեղասպանություն բառը օգտագործեց միայն մեկ անգամ և փոքր-ինչ այլ համատեքստում՝ երբ խոսում էր Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի մասին»:

Մոսկվայում, սակայն, հույս ունեն, որ Անկարայից հնչող հայտարարությունները բացասաբար չեն ազդի երկկողմ ծրագրերի` մասնավորաբար «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ճակատագրի վրա: «Կասկած չկա, որ Թուրքիայի հետ մեր համագործակցությունը, որ տարբեր ոլորտներում է զարգանում, շարունակում է Ռուսաստանի համար առաջնահերթություն հանդիսանալ: Այդ մասին մենք արդեն իսկ հայտարարել ենք: Այս դեպքում ևս մենք հուսով ենք, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես զարգացել են մինչև օրս», - հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Էրդողանի երեկվա ասուլիսում հնչած քննադատության միակ թիրախը չէր: Թուրքիայի նախագահը կրկին մեղադրանքներ ուղղեց միջազգային հանրության, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հայկական լոբբիստական կառույցների հասցեին:

«Թուրքիան երբեք ցեղասպանություն չի իրագործել: Եթե ցանկանում եք, խնդրեմ, թող նստեն պատմաբանները և ուսումնասիրեն այդ հարցը: Թուրքիայի արխիվները արդեն իսկ բաց են: Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել՝ մենք հայ ժողովրդի հետ որևէ խնդիր չունենք: Մեր խնդիրները Հայաստանի կառավարությունում են և հայկական սփյուռքում: Դա պետք է միանշանակորեն հասկանալ և ըմբռնել», - հայտարարել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG