Մատչելիության հղումներ

Պաշտոնական Անկարայի զայրույթը Մոսկվայի դեմ չի մարում


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանից պարզաբանում է պահանջել Ուկրաինայում իր գործողությունների վերաբերյալ այն բանից հետ, երբ Վլադիմիր Պուտինը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի մասին խոսելիս օգտագործել է ցեղասպանություն բառը:

«Սա առաջին անգամը չէ, երբ այդ կապակցությամբ Ռուսաստանն օգտագործում է ցեղասպանություն բառը: Անձամբ ինձ համար ցավալի է, որ Պուտինն այդ քայլին է դիմել: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Ղրիմում, ակնհայտ է: Նրանք նախ պետք է բացատրեն այդ ամենը, հետո միայն օգտագործեն ցեղասպանություն բառը», - Քուվեյթ մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպմանը եկուշաբթի օրը Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ևս մեկ անգամ պնդելով, թե Թուրքիան ցեղասպանություն չի գործել և պատրաստ է իր արխիվները բացել:

Թուրքիայի արտգործնախարարությունը դեռևս ապրիլի 24-ին առանձին հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորապես, ասված էր․ - «Մենք մերժում և դատապարտում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելը՝ չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին»:

Անկարայի դժգոհություններին ի պատասխան՝ Կրեմլը հիշեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր է, Եվրասիական տնտեսական միության անդամ: Ռուսաստանում նաև բազմաթիվ հայեր են ապրում, և Մոսկվային ու Երևանին խորը պատմական արմատներ են կապում:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի` Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցությունը չպետք է Անկարայի կողմից բացասաբար մեկնաբանվի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մինչ Երևան մեկնելը, ինչպես ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը Էրդողանի հետ քննարկել էր իր այցը Երևան: Կրեմլը հույս էր հայտնել, որ Անկարան ըմբռնումով կմոտենա Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցին:

Եվ չնայած Անկարայի հիասթափությանն ու զայրույթին, այդուհանդերձ, Մոսկվայում թուրքական դիվանագիտական առաքելությունը շարունակում է իր անխափան աշխատանքը. Անկարան ետ չկանչեց Ռուսաստանում իր դեսպանին, ինչպես արել էր Ավստրիայի, և Վատիկանի դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG