Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյան. Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ կենդանի ենք


System of a Down-ի համերգը Երևանի Հանրապետության հրապարակում, 23-ը ապրիլի, 2015թ.
System of a Down-ի համերգը Երևանի Հանրապետության հրապարակում, 23-ը ապրիլի, 2015թ.

System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։

Նման մի հոդված էլ նախօրեին հրապարակել էր հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Ապրիլի 23-ին խումբը System of a Down-ը իր առաջին համերգը ունեցավ Հայաստանում: «Wake up the Souls» («Արթնացրեք հոգիները) խորագրով համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Թանկյանը գրում է, որ խմբի բոլոր անդամները համերգից առաջ մի փոքր հուզված էին, քանի որ առաջին անգամ էին նվագում իրենց նախնիների երկրում.- «Դա հաստատ մեր ամենահիշարժան ելույթներից մեկն էր»։

Թանկյանը պատմում է, որ և իր հոր, և մոր ծնողները վերապրել են ցեղասպանությունը։

«Հայերի, հույների և ասորիների ոգեկոչումը միայն հարյուր տարի առաջ կատարված ցեղասպանությունը հիշելը չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ դա հին խնդիր չէ, դա ժամանակակից խնդիր է, որովհետև ցեղասպանությունը օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ աշխարհաքաղաքականության մեջ, և մարդիկ իրականում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում մարդկային կորստին և այն վնասին, որ մենք իրար են պատճառում։ Մինչ օրս որևէ արդյունավետ մեխանիզմ չկա ցեղասպանությունների կանխարգելման համար»,- գրում է ռոք երաժիշտը։

Թանկյանը նաև անդրադառնում է Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների որդեգրած քաղաքականությանը ցեղասպանության հարցում.- «Թուրքիայի կառավարությունը օգտագործում իր իշխանությունը և միլիոններ է ծախսում՝ պատմական ճշմարտությունը ժխտելու համար։ Իսկ ԱՄՆ-ը, տուրք տալով այդ ուժին, չի արտաբերում «ցեղասպանություն» բառը։ Նախագահ Բարաք Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այժմ երբ նա նախագահ է, այդ եզրույթը չկիրառելը երեսպաշտություն է։ Դա վիրավորական է մեր զոհերի հիշատակի և ԱՄՆ-ի պատմության նկատմամբ, որովհետև 1915 թվականին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը միայն ցույց են տալիս, որ Օսմանյան առաջնորդները ցեղասպանություն էին իրականացնում»։

«Հինգշաբթի օրը, նախքան բեմ բարձրանալը, ես մտածում էի իմ տատիկ-պապիկների մասին, և որ այս համերգով մեծարում են նրանց ողջ մնալը։ Համերգից առաջ մեր կիթառահար Դարոն Մալաքյանը ասաց.- «Սա միայն ռոք համերգ չէ, մեզ սպանողների համար սա վրեժ է։ Ես կարծում եմ՝ շատ տեղին էր ասված։ Մենք դեռ այստեղ ենք, մենք դեռ կենդանի ենք»,- եզրափակում է Թանկյանը։

XS
SM
MD
LG