Մատչելիության հղումներ

SOAD-ին սպասելիս. հայ և օտարազգի երկրպագուները առավոտից հավաքվել են հրապարակում


Առաջին համերգը հայրենիքում: SOAD-ին երկար են սպասել
please wait

No media source currently available

0:00 0:02:31 0:00

Իրանցի երկրպագուները 22 ժամ ճանապարհ են կտրել՝ համերգին ներկա գտնվելու համար:

Երեկոյան ժամը 20.00-ին Հանրապետության հրապարակում System of a Down-ի (SOAD) համերգին սպասող երկրպագուները դեռ լուսաբացից հավաքվել էին Վազգեն Սարգսյան փողոցում: Սա SOAD-ի առաջին համերգն է Հայաստանում՝ Wake up the Souls «Արթնացրեք հոգիները» խորագրով:

Հրապարակից շուրջ 600 մետր հեռավորության վրա խմբված՝ նաև արտերկրից ժամանած երկրպագուները, հրապարակի մուտքը բացելուն պես, մեկը մյուսին հերթ չտալով, փորձեցին հնարավորինս շուտ հասնել ու կանգնել բեմահարթակին մոտ:

Տարբեր երկրներից հատուկ համերգի համար Հայաստան ժամանած երկրպագուները հիմնականում նաև Սերժ Թանգյանի շնորհիվ են լսել հայերի ցեղասպանության մասին:

«Ընկերներով ենք եկել Վրաստանից: Դեռ մանկուց ենք լսել System of a Down-ի մասին, ու գոնե մեկ անգամ պետք էր նրանց տեսնել: Իսկ Հայոց ցեղասպանության մասին գիտենք, որ ուղիղ 100 տարի առաջ շատ մարդ են սպանել, կարելի է ասել, որ դա միայն հայերի ցեղասպանություն չի եղել», - ասաց խմբի՝ Վրաստանից ժամանած երկրպագուներից մեկը:

«Իրականում հայոց ցեղասպանությունը մեծ դժբախտություն է եղել: Եթե համեմատենք Հոլոքոստի հետ, ապա կասենք, որ այն միայն հայերի դժբախտությունը չէ: Մենք չենք ուզում, որ աշխարհում այդ պատմությունը այլևս կրկնվի: Եկել ենք Սամարայից, որպեսզի ներկա լինենք System of a Down-ի համերգին», - ասաց Ռուսաստանից ժամանած երկրպագուներից մեկը:

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից ժամանած մի ամերիկացի էլ հայերենով ասում էր՝ SOAD-ի շնորհիվ գրեթե ողջ աշխարհն արդեն գիտի Հայոց ցեղասպանության մասին:

«22 ժամ Իրանից ավտոբուսով ճանապարհ ենք եկել, որպեսզի մասնակցենք համերգին», - նշում էին խմբի իրանցի երկրպագուները:

Վաղ առավոտից ոստիկանները փակել են դեպի հրապարակ տանող բոլոր փողոցներն ու կանգնեցրել երթևեկությունը:

Նախապես հայտարարված էր, որ Հանրապետության հրապարակի մուտքը կփակվի, երբ ներս մտնի վերջին՝ 50 հազարերորդ հանդիսատեսը: Դեպի հրապարակ տանող փողոցներում ոստիկանական անցակետեր էին, անվտանգության տեսանկյունից ելնելով՝ հանդիսատեսն այնտեղ էին թողնում որոշ իրեր՝ պայուսակներից հանում էին օծանելիքը, կտրող-ծակող գործիքներ, ջրի շշերի փականները և այլն:

Քիչ առաջ հիվանդանց տեղափոխվեց նաև համերգին սպասող երկրպագուներից մեկը, ում ինքնազգացողությունը վատացել էր: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ռոք համերգին սպասող երկրպագուները` հենց փողոցում պառկած կամ կքանստած, երգում էին աշխարհահռչակ ռոք խմբի հայտնի հիթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG