Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր մեկ րոպե լռությամբ հարգել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում «հայերի զանգվածային սպանությունների» զոհերի հիշատակը:
UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռադայի ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին հայտարարել է, որ «այսօր ողբերգական օր է հայ ժողովրդի և ընդհանրապես մարդկության պատմության մեջ»:
«100 տարի առաջ այս օրը հայկական սերուցքի տեղահանմամբ սկսվեց փաստացիորեն ամբողջ ազգի կամ ամբողջ ժողովրդի ոչնչացումը: Հայերը և ուկրաինացիները կողք կողքի ապրել են բազում դարերի ընթացքում նույնիսկ մինչև այդ ողբերգությունը: Հայը առաջինն էր, ով զոհվեց Արժանապատվության հեղափոխության ժամանակ: Ուկրաինացիներին բարեկամ այդ ժողովրդի 52 ներկայացուցիչ զոհվել է հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ», - ասել է Կնյաժիցկին:
Իսկ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, մասնավորապես, որ «պետք է պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը, գոնե հարյուր տարի անց դատապարտել ոճիրը, հռչակել ցանկացած հակամարտության և վեճերի նման «լուծման» անթույլատրելիությունը»: