Մատչելիության հղումներ

«Սաղին էլ բռնեցին սպանեցին». 107-ամյա կինը՝ Թուրքիայում իր ընտանիքի տեղահանման ու ջարդերի մասին


«Սաղին էլ բռնեցին սպանեցին». 107- ամյա կինը՝ Թուրքիայում իր ընտանիքի տեղահանման ու ջարդերի մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

Արևմտյան Հայաստանում անցկացրած մանկության առաջին տարիների մասին Եպրաքսիա Գևորգյանը կարոտով է խոսում, բայց, ասում է՝ 1915 թվականից սկսվեցին տառապանքները։

100 տարի առաջ Արևմտյան Հայաստանից գաղթած Եպրաքսյա Գևորգյանի մահճակալի վերևում ծննդվայրի՝ Կարսի նկարն է։ Ներքնակի տակ խնամքով պահում է անձնագիրը՝ տարիքի վավերագիրը՝ 107 տարեկան։

Արևմտյան Հայաստանում անցկացրած մանկության առաջին տարիների մասին կարոտով է խոսում։ Ասում է՝ «ապրել եմ վարդի պես»։

Բայց 1915 թվականից սկսվել են տառապանքները։ Կարսի գավառի Լալոյ-Մավրակ գյուղում մեծ ապրուստ ու հիշողություններ են թողել, ամբողջ գերդաստանով գաղթի ճամփա բռնել։ 100 տարի անց էլ այդ մասին խոսելիս տխրում է։ «Էդ Թուրքիայի մասին չխոսացնեք, ի՞նչ կլինի։ Սաղին էլ բռնեցին սպանեցին, մնացին են կողմը», - ասաց տատը՝ հուզմունքով։

Խնդրեց չխոսել, բայց փոքր լռությունից հետո ինքը զրույցը բացեց. մեկդարյա հիշողության մեջ դեռ թարմ է սարսափը, թե ինչպես էին թաքնվում թուրքերից։ «Ինչ-որ կա թողել ենք, այ սենց փախել ենք։ Մենք, գիտե՞ս, ոնց էինք պահ մտնում, որ մեզ չգտնեն։ Դաշտերի մեջը սոված, ծարավ կծկվում էինք։ Էէէէ, էրթա էն օրը, չգա՛, չգա՛, չգա՛։ Իմ դուշմանը չտենա։ Ես տեսել եմ, իմ դուշմանը չտենա», - ասաց Եպրաքսիա տատը։

Գաղթի ճամփին հորն է կորցրել, հետո արդեն զրկանքների մեջ հայտնված մորը։ Եպրաքսյային եղբոր հետ տեղափոխել են Գյումրիում ամերիկացի բարերարների կողմից բացված մանկատուն։ Այստեղ շատ ընկերներ է ձեռք բերել։ Նրանցից ոմանք հետո հայտնի մարդիկ են դարձել։ Թվարկեց. - «Ես, Շիրազը... Արտաշը, Ազատը..., սաղս մանկատան երեխա ենք։»

Սակայն նրանցից շատերին, նաև իր եղբորը՝ Եղիային, որդեգրել ու Միացյալ Նահանգներ են տեղափոխել։ Դրանից հետո ոչ մի լուր չի ստացել եղբորից։ Նրան գտնելու փորձեր գրեթե չեն արել. խորհրդային տարիներին կուսակցական ամուսնուն արգելված էր։ Հետո էլ արդեն Եղիային կամ նրա ժառանգներին գտնելու հույսերն են մարել։ Ամերիկյան մանկատանը սովորած կցկտուր անգլերեն բառերն իր կյանքի մեկ դարում մտքում պահել է՝ հույսով, թե եղբորը հանդիպելիս կօգտագործի` ’good bay’, ‘open the door’, ‘close the door’...։

Անգլերենի պահոցը դեռ չէր ամբողջացրել՝ անգլալեզու հյուր ունեցավ. իռլանդացի լրագրող Սառան ծաղկեփնջով էր այցելել նրան։ Լրագրողի հարցերին պատասխանելիս՝ դարձյալ ստիպված էր վերհիշել մեկ դար առաջ ապրած դաժան օրերը։ «Չեմ կարա չհիշեմ: Ուզեմ-չուզեմ պտի հիշեմ՝ հերսա է եղել, մերս է եղել, ախպերներս են եղել, հորեղբայրներս են եղել, ո՞նց չհիշեմ», - ասաց տատը։։

107-ամյա Եպրաքսյան այսօր ապրում է Էջմիածնի շրջանի Ամբերդ գյուղում։ Հպարտանում է իր զավակներով, թոռներով ու ծոռներով։ Հաշվում է՝ արդեն մոտ 80-ի է հասնում ժառանգների թիվը. - «60 հատ թոռ ունեմ, 12 հատ էլ ծոռ»։

Թոռ ու ծոռների համար մտահոգ է. Հայաստանի տնտեսական վիճակը չի գոհացնում։ Խղճով ապրելու հորդոր է անում երկրի ղեկավարներին։ «Մի ձուն առնում ենք 70-80 կոպեկով, էտի խիղճ ա՞։ Էն ժամանակ 10 կոպեկ էր, ո՞վ էր առնում», - ասաց 107-ամյա տատը։

Երանի է տալիս, որ փոփոխություններ տեսնի, բայց կանխատեսում է. առնվազն 20 տարի անց կլինեն այդ փոփոխությունները. - «Վայ, 20 տարի, ո՞վ ապրի, ո՞վ սաղ մնա։ Ինչ ասեմ...»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG