Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ապրիլի 24-ի իր ուղերձում ցեղասպանություն բառը չարտասանելու համար, ասելով, թե տխուր է, երբ նա բառախաղերի է դիմում, և ակնհայտ է, որ ճշմարտությունից հեռանում է օտարերկրյա ազդեցության տակ։
«Նախագահի թեկնածու Օբաման ճիշտ էր, երբ ասում էր, որ Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի հայերի ցեղասպանության մասին։ Նա, ցավոք, աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ նախագահը չէ։ Փաստորեն, այժմ պարզ է, որ Օբամայի՝ Անկարային հանդարտեցնելու փորձը միայն մեկուսացրել է Վաշինգտոնին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը։