Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի Հանրային ոլորտի պաշտոնյաների, թոշակների և սոցիալական ապահովության հանձնաժողովը երեկ վավերացրել է նորակազմ Հայկական օրենսդրական համախմբման ներկայացրած թիվ 1410 բանաձևը, որն արգելում է ամերիկյան այդ նահանգի հանրային ոլորտի, ինչպես նաև ուսուցիչների կենսաթոշակային հիմնադրամների կողմից ներդրումները Թուրքիայում:
Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամներից վեցը քվեարկել են բանաձևի օգտին, մեկը՝ ձեռնպահ:
Նույն աղբյուրը նշում է, որ հիշյալ հիմնադրամներից առաջինը Թուրքիայում ունի 185 միլիոն, երկրորդը՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ:
Հայկական օրենսդրական համախմբումը ստեղծվել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամներ Խաչո Աշաչյանի, Ադրին Նազարյանի և Սքաթ Ուիլքի նախաձեռնությամբ:
Աշաչյանը և Նազարյանը նահանգային թերթերից մեկում հրապարակած հոդվածում շեշտել են, որ քանի դեռ պաշտանական Անկարան հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանության իրողությունը և վնասների հատուցում չի տրամադրում Ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին, Հայաստանից դուրս ամենամեծաթիվ հայ բնակչությունն ունեցող Կալիֆորնիա նահանգը չի կարող առևտրական բնականոն հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Ըստ նրանց՝ բանաձևը նաև հստակ պատգամ է լինելու Անկարային, որ Կալիֆորնիան չի կարող նպաստել Թուրքիայի տնտեսության բարգավաճմանը, քանի դեռ այդ երկիրը աջակցում է Միջին Արևելքը քրիստոնյա, հրեա, քուրդ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներից զրկել փորձող ուժերին: