Մատչելիության հղումներ

Սկսվել են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունները


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Երեկ երեկոյան Էջմիածնի Մայր տաճարում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Հսկում, որով սկսվել են Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասմանն առնչվող արարողությունները:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Հսկման արարողությանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հոգևոր պետեր ու պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայրապետական իր օրհնության խոսքն ուղղելով ներկաներին, մասնավորաբար ասել է. - «Տիրոջ կամքով վաղը` ապրիլի 23-ին, այս սուրբ տաճարի հովանու ներքո հայոց առաջին քրիստոնյա արքայի` Ս․ Տրդատի անունը կրող խորանի առջև, պիտի կատարենք սրբադասման արարողությունը Ցեղասպանության նահատակների` հայցելով սուրբ վկաների բարեխոսությունը ազգային և հոգևոր մեր կյանքի զորացման ու առաջընթացի համար: [...] Մեր ժողովուրդը պատմության ողջ ընթացքում հաճախ պատարագվեց նահատակության խորանի վրա` դառնալով աստվածապաշտության սքանչելի օրինակ: Ցեղասպանության տարիներին ևս մեր զավակների կրած նահատակության ու չարչարանքի պատմությունները որքան ցավ ու տրտմություն են պատճառում, նույնքան և ավելի հավատքի մեջ ամրանալու և խիզախելու նոր խթան դառնում ամենքիս համար, ինչպես պարագան էր առաջին դարերի քրիստոնյաների»:

«Թող Աստված օրհնի արդարության և ազգերի միջև եղբայրության ճանապահները, որպեսզի ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Աղոթք և օրհնություն Ցեղասպանության անմեղ բոլոր զոհերի հիշատակին», - ասել է Վեհափառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG