Առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հարցազրույցները կցուցադրեն Rai, Euronews, France 24, Al Jazееra, BBC, Russia Today, CNN Turk, Россия 24 և այլ հեռուստաընկերություններ, «Թվիթեր»-ում տեղեկացրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Ըստ News.am-ի, CNN Turk-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ հայերին ուղղված ուղերձին, ասել է.- «Այն ուղղված էր միջազգային հանրությանը։ Հուսով եմ՝ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարությամբ հանդես կգա և կկարգավորի հարաբերությունները»։
Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կիսում է այն հայերի վիշտը, ում ծնողները և պապերը սպանվել են Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն նաև հստակեցրել էր, որ չեն պատրաստվում ընդունել ցեղասպանություն տերմինը:
«Ամեն ինչ մեկ բառի հանգեցնելը, ընդհանրացումների միջոցով ամբողջ պատասխանատվությունը թուրք ազգի վրա դնելը իրավական և բարոյական տեսանկյունից խնդրահարույց է», - ասել էր Թուրքիայի վարչապետը։